հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իշխան Սաղաթելյանի կողմից արված հայտարարությունը քաղաքականապես սնանկ է․ Հայկ Կոնջորյան

Իշխան Սաղաթելյանի կողմից արված հայտարարությունը քաղաքականապես սնանկ է․ Հայկ Կոնջորյան

Ես այդ պնդումները համարում եմ մերկապարանոց, որովհետև տարբեր անձնաց հետ կապված նմանատիպ շահարկումներ են անում, որ մեկն աշխատել է մեզ հետ, մյուսը վարչապետի՝ ենթակայության  ներքո,  կամ մեկ ուրիշն էլ եղել է փոխնախարար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե Վճռաբեկ դատարանը դարձել է ՔՊ գրասենյակ այսպես արձագանքեց խմբակցության  ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանն ընդգծեց, որ դատավորների ընտրությունը  խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով չի իրականացվում․ «Մարդը աշխատել է կառավարությունում, իրեն դրսևորել է բարձր պրոֆեսիոնալիզմով  և արժանիքներով ու այսօր զբաղեցնում է այլ պաշտոն։ Դա մարդու արժանիքները գնահատել է նշանակում»։  

Լրագրողի հարցին, թե նախկիններն էլ  նույն կերպ էին բնորոշում այս կամ այն պաշտոնում իրենց նախընտրելի թեկնածուներին նշանակելը՝ Կոնջորյանն արձագանքեց․ «Նախկիններից մեկն էլ Ռոբերտ Քեչարյանն է, որի որդին  դոլարային միլիոնատեր է։ Ցույց տվեք այսօր կառավարությունից որևէ մեկին, ում որդին դարձել է դոլարային միլիոնատեր»։

Խոսելով Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, թե ՔՊ- ն իրենք ձայն չի տվել, որ հիմա էլ մանդատից զրկի,Կոնջորյանը նշեց․ «Նախ Իշխան Սաղաթելյանը պիտի կարդա, եթե գիտի կարդալ, իսկ ենթադրում եմ, որ գիտի։ Օրենսդրությունը սահմանում է կոնկրետ ընթացակարգեր, որով պատգամավորը կարող է զրկվել մանդատից։ ԱԺ ֆորմատով կայացվում է որոշում  և դիմում են Սահմանադրական դատարան, մանդատներից զրկում է ՍԴ-ն, Սաղաթելյանի կողմից արված հայտարարությունը քաղաքականապես սնանկ է»։

  • Կիսվել: