Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ
Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջկուսակցական առաջարկ: Այս մասին հայտնում է «Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան» (EAFJD):
Նշվում է, որ փաստաթուղթն աջակցել են Սոցիալ-դեմոկրատական և Լեյբորիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ժողովուրդը շահույթից առաջ», «Համերաշխություն» և «Մենք ինքներս» կուսակցությունները:
Ինչպես ընդգծվում է բանաձևում՝ Թուրքիայի կառավարության կողմից 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու համառ մերժումը ոչ միայն խանգարում է Անկարային հաշտվել սեփական անցյալի հետ, այլև խոչընդոտում է նրա իրական ժողովրդավարացման ուղին:
Նախաձեռնողներն Իռլանդիայի կառավարությանը կոչ են անում լիարժեք մասնակցել Ցեղասպանության 110-ամյակին նվիրված միջոցառումներին և հարգել մեկուկես միլիոն զոհերի հիշատակը: Նրանք այլ երկրներին ևս կոչ են անում ճանաչել 20-րդ դարի մարդկության դեմ առաջին հանցագործությունը:
Հաղորդվում է նաև, որ, դրանից բացի, առաջարկվում է դպրոցական ծրագրում ներառել Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ճշգրիտ ձևով և սահմանել Հայոց ցեղասպանության հիշատակի միջազգային օր:


