կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել նախընտրական այս շրջանում. Փաշինյան

Աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել նախընտրական այս շրջանում. Փաշինյան

Հիմա արդեն աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել նախընտրական այս շրջանում: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ  իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա:

«Իհարկե, պրակտիկան, համոզված եղեք, որ շարունակվելու է: Եվ, ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու է և արտահայտվելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով:

Ուզում եմ նորից ընդգծել, որ մեր իրավապահ համակարգը բավականին էֆեկտիվ հակազդում է ընտրակաշառքների դեպքերին: Հիմա արդեն աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել նախընտրական այս շրջանում: Գործընթացը շարունակվում է, և որևէ կասկած չունեմ, որ որտեղ այդ գործընթացը գնա, անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ընտրական խախտումներով նույնպես աննախադեպ գործեր կան, որ Հայաստանի պատմության մեջ նախկինում չեն եղել, չնայած քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների գոյությանը:

«Այնպես որ, մեր իրավապահ համակարգը հստակ աշխատում է, և ուզում եմ այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնել մեր դատաիրավական համակարգին, որ ընտրողների կամքի վրա որևէ ազդեցությունը բացառելու ուղղությամբ շատ կոնկրետ քայլեր են արվում և այդ քայլերը արդյունավետ են»,- եզրափակեց Փաշինյանը:

  • Կիսվել: