Իրանը պատասխանել է Թրամփին․ Հորմուզի նեղուցը չի կարելի գրավել ոչ թվիթով, ոչ էլ ավիակրով
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակելու կամ բացելու որոշումը կարող է կայացնել միայն Թեհրանը։ Այսպես նա արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը մտադիր է ռազմավարական ջրային ուղին հայտարարել ամերիկյան տարածք, գրում է Mehr.
Թրամփը ելույթ է ունեցել Նյու Յորք նահանգի Գարդեն Սիթիում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ և կողմնակիցներին հայտարարել, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակից հետո շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարվի իրենց տարածքը։
Ի պատասխան՝ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում գրել է, որ նեղուցը «չի կարելի գրավել ոչ թվիթով, ոչ էլ ավիակրով, ոչ հրամանով, ոչ էլ նախընտրական ճառով»՝ ընդգծելով, որ Իրանը չի վախենում ոչ սպառնալիքներից, ոչ էլ ուժի ցուցադրումից։
Մեկ այլ գրառման մեջ իրանցի դիվանագետը նշել է. «Նեղուցը եղել և մնում է իրանական և կմնա իրանական»։ Նրա խոսքով՝ Թեհրանը կշարունակի ջրային ուղու շրջափակումը այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել իր «ռազմավարական և ծանր պարտությունները»։
Կողմերի հայտարարությունները հնչել են ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն մի քանի ամիս շարունակվող զինված հակամարտության ֆոնին, որը սկսվել է փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական ռազմական օբյեկտներին և ենթակառուցվածքներին հասցված հարվածներից հետո։
Պակիստանի և Քաթարի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը հետագայում տապալվել է, ինչից հետո կողմերը շարունակել են հարվածների փոխանակումը։
Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը շարունակում է մնալ հակամարտության լարվածության գլխավոր աղբյուրներից մեկը։



