հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը համարում է կարևոր քայլ. Աբդոլլահիան

Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը համարում է կարևոր քայլ. Աբդոլլահիան

Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և կառուցողական դիրքորոշումները տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և միջազգային սահմանների անփոփոխության վերաբերյալ։ Թեհրանում գտնվող Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։

Անդրադառնալով վերջերս Իրանի արտգործնախարարի Հայաստան կատարած այցին և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացմանը, Սաֆարյանyը սա որակել է մեծ և շրջադարձային զարգացում երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործընթացում։

Մատնանշելով Իրանի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար առկա կարողություններն ու ենթակառուցվածքները՝ նա ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետամուտ լինելու և ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Ամիր Աբդոլլահիանն իր հերթին գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև աճող հարաբերությունների կապակցությամբ։

Նա նաև գործնական և կարևոր քայլ է համարել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը երկու երկրների առևտրային փոխանակումների ծավալների մեծացման և տնտեսական հարաբերություններում բարենպաստ հեռանկարի հասնելու ուղղությամբ։

  • Կիսվել: