հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ Հայաստանում Իրանի դեսպանատուն

Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ Հայաստանում Իրանի դեսպանատուն

Մի քանի օր առաջ համացանցում լուսանկար տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական ոստիկանական կետ տեղադրվել Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Որոտանի հատվածում, գրում է infocom.am-ը:

ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում տարածեց, որ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Երեկ համացանցում հայտնվեց մեկ այլ լուսանկար, որի հետ տարածվում էր տեղեկություն, թե Ադրբեջանի ոստիկանական կետում ստուգում են Իրանից եկող բեռնատարները և վարորդներից գումար գանձում։

Իրանցի վարորդները «ՍիվիլՆեթ»-ի հետ զրուցում հայտնել էին, որ ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողներն իրենցից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ Ադրբեջանի տարածքով անցնելու համար։ 

Ավելի ուշ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանեց այս լուրերը․ «Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելով և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»։

Infocom-ը հարցում էր ուղարկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել Ադրեջանի ոստիկանական կետում Իրանից եկող բեռնատարները ստուգելու և վարորդներից գումար գանձելու լուրերը։

Դեսպանատանից, ի պատասխան մեր հարցման, հայտնել են, որ Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին։

«Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը: Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»-, ասված է դեսպանատան պատասխանում։

Դեսպանատան փոխանցմամբ՝ Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են․ «Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ»:

  • Կիսվել: