Իրանի դեսպանությունը փորձել է միջնորդ դառնալ. Շիրղոլամին` Ծառուկյանին առնչվող գործի մասին
Հայաստանի ներքաղաքական հարցերին մենք չենք միջամտում և միջամտելու ցանկություն չունենք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործին վերաբերող հարցին։
Ծառուկյանի պաշտպաններն էլ պնդում են, որ իրականում Ծառուկյանն է այս պատմության տուժողը, նրան են առանձնապես խոշոր չափերով գումար պարտք։
«Մենք կարող ենք հենց մեր իրանական ներքաղաքական փորձից ասել․ երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է լինում, դա չի կարող բերել որևէ լավ արդյունքի։ Հուսով ենք և մեր կողմից մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը՝ թե՛ իշխող կուսակցությունը, կառավարությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը կարողանան միասնական լինել ազգային շահերի, ազգային նպատակների և ազգային նպատակահարմարության շուրջ, քանի որ եթե չլինի այս միասնականությունը, հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները»,- նշեց դեսպանը։
Հավելեց՝ Իրանը ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական և համախմբված Հայաստան։
Ինչ վերաբերում է Հայ-իրանական առևտրային պալատի հարցին, ապա Թեհրանն ափսոսում է, որ նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց։
«Այս գաղափարն ու նախագիծը հիմնված էր բարի գաղափարի շուրջ, մենք ցանկանում էինք հայ-իրանական առևտրի կենտրոն հիմնել, և այդ աշխատանքներում ներգրավված էին և՛ Իրանի քաղաքացիներ, և՛ Գագիկ Ծառուկյանը»,- նշեց դեսպանը։
Հիշեցրեց, որ Իրանի դեսպանատունը ևս ակտիվ աջակցում էր՝ նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել հայ-իրանական առևտրային կապերին, և դա նաև լավ հնարավորություն էր, որ իրանական արտադրանքը ներկայացված լիներ Հայաստանում։
Դեսպանը ցավով նշեց, որ բիզնես աշխատանքների ընթացքում եղան որոշակի տնտեսական տարաձայնություններ։ Տեսնելով իրավիճակը և կանխատեսելով հետագա վնասները՝ դեսպանությունը ևս փորձել է միջնորդ դառնալ կողմերի միջև՝ փորձելով հասնել փոխզիջման տարբերակի, որն ընդունելի կլինի բոլորի համար։ Ըստ նրա՝ ինքն անձամբ էլ մինչև վերջերս կապի մեջ է եղել կողմերի հետ՝ փորձելով գտնել լուծման տարբերակ։
«Այս պահին քանի որ արդեն գործ ունենք իրավական գործընթացի հետ, մենք մեր կողմից հուսով ենք, որ վկայությունների և առկա ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցն ու հասնել որոշակի արդյունքի։ Հաշվի առնելով երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, չէինք ցանկանա, որ սև բիծ մնար այս հարաբերությունների համատեքստում»,- նշեց դեսպանը։



