շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը. Փաշինյան

Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը. Փաշինյան

Ես Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարութայնը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու կարդալ մինչև 8-րդ կետը ներառյալ։ Այս մասին դեկտեմբերի 19-ին Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել։

Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, դեռ մինչև 8-րդ կետը թող կարդան՝ տեսնենք, թե ով ինչ պարտավորություն չի կատարել։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներու՞մ մնան»:

Վարչապետի խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ է գործուղվել ՌԴ դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա, որում ասվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

«Ուր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»,-հարց է բարձրացրել Փաշինյանը:

Հաղորդավարի դիտարկմանը, թե ՌԴ-ն նաև հայտարարում է, որ երբ հասնում են ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը, Հայաստանը խուսանավում է, Փաշինյանը նշել է, որ այդպիսի բան չկա․

«Չկա այդպիսի բան, առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նաև, իհարկե որպես նախագիծ շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մենք ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակային դարձրեցինք, որովհետև մեզ վերագրվում էր պարտավորություններ, դիրքորոշումներ: «Խաղաղության խաչմերուկը» առաջին օրից ենք բանակցել, սա է եղել մեր դիրքորոշումը: Հիմա այդ «Խաղաղության խաչմերուկը» հրապարակեցինք կամ այդ համախումբը, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե մենք ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում, որովհետև այդ թվում՝ Ադրբեջանը և նորից ուժեր փորձում էին ամբողջ աշխարհին համոզել, թե Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Մենք հրապարակային ասացինք՝ մենք սրան պատրաստ ենք, հենց այսօր»,-ասել է նա:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև այն մեղադրանքներին, թե հայկական կողմն ուզում է «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ հարկավոր է կարդալ այդ հայտարարությունն ու տեսնել, թե դրան առնչվող տարածքում ինչ է կատարվում։

«Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք ջրել, մեր ստորագրությունն այնտեղ կա, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացել է՞, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞։ Եթե մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք դրա հետ որևէ խնդիր չունենք․ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրտի արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը», - հավելել է վարչապետը:

  • Կիսվել: