«Ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի»․ ՔՊ-ական Հովհաննիսյանը՝ Թագուհի Թովմասյանին
Ես Թագուհի Թովմասյանի ճեպազրույցի ընթացքում անցել և դիտողություն եմ արել՝ առաջարկելով բացատրել, թե ինչու ինքը հանձնաժողովի նիստերին չի գալիս, ԱԺ նիստերին չի գալիս, ինչին ի պատասխան` տիկին Թովմասյանը նման անբարո բան է գրել, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Թովմասյանը հրապարակային պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։
«Հաշվի առնելով, որ տիկին Թովմասյանը, բացառապես լրագրող աշխատելով, 4 հատ տուն ունի, պետք է առաջարկեմ դա մեկնաբանի, իսկ եթե չմեկնաբանի, ապա ինձ մոտ ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե որտեղից Թագուհի Թովմասյանին 4 հատ տուն։ Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից։ Կհորդորեմ տիկին Թովմասյանին, բարոյականության սահմանը չանցնի, հանգիստ նստի իր տեղը և չփորձի մարդկանց բարոյականության, անունների հետ խաղալ՝ լինելով, փաստորեն, անբարո»,-հավելեց նա։
Նա ավելացրեց, որ նախկինում ինքը ընդդիմադիր լրագրող է եղել, իր դեմ թմրամիջոցների անվան տակ փորձել են գործ սարքել, որը չի ստացվել, իսկ հիմա էլ փորձում են զրպարտել. «Պրիմիտիվ զրպարտություն է, կմտածեմ՝ տիկին Թովմասյանի դեմ դատական հայց ներկայացնել-չներկայացնելու մասին»։


