ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինձ մեղադրում են Մարտի 1-ին բռնություններ հրահրելու մեջ, բայց ՄԻԵԴ-ն արձանագրել է իմ քայլերի օրինականությունը. Փաշինյան

Ինձ մեղադրում են Մարտի 1-ին բռնություններ հրահրելու մեջ, բայց ՄԻԵԴ-ն արձանագրել է իմ քայլերի օրինականությունը. Փաշինյան

Ինձ մեղադրում են Մարտի 1-ին բռնություններ հրահրելու մեջ, բայց ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ քայլերս օրինական են եղել։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից ՛՛Փաշինյանն ընդդեմ Հայաստանի՛՛ գործով վճռին, որով արձանագրվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ընդդիմադիր ՆԻկոլ Փաշինյանի իրավունքների խախտման հանգամանքը։

Այս առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշեց. ՛՛Մարտի 1-ի գործով այդ արձանագրումները ՄԻԵԴ-ն արել էր նաեւ իմ գործից առաջ՝ Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով։ Երբ այդ որոշումները եղան, այդ ժամանակ Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ Մարտի 1-ի գործով դատապարտված նշված անձանց արդարացնելու համար։

Այն ժամանակ կար գաղափար, որ քանի որ Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ-ն արդեն կայացրել է որոշումներ, եւ կանխատեսելի է, որ իմ գործով էլ նման վճիռ կլինի, ես դրան արդեն վարչապետ եղած ժամանակ դեմ եմ եղել՝ ասելով, որ դա հնարավոր չեմ համարում, քանի դեռ իմ գործով ՄԻԵԴ-ը որոշում չկայացնի։ Այն ժամանակվա իշխանությունը, որը հիմա ընդդիմություն է, ինձ մեղադրում են, որ Մարտի 1-ի գործով ես բռնություններ հրահրելու գործողություններ եմ կատարել, որ սպանությունների պատասխանատվությունն ինձ վրա, շատ կարեւոր եմ համարում, որ ՄԻԵԴ-ն այս բոլոր կետերին հստակ անդրադարձել է՝ արձանագրելով, որ իմ ունեցած բոլոր ելույթները տեղավորվում են քաղաքական պայքարի տրամաբանությունում, եւ նախկին կառավարությունը որեւէ կերպ չի հիմնավորել, որ իմ գործողություններում ապօրինի դրսեւորումներ են եղել՛՛։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս վճիռը բեկում կմտցնի՞ նույն գործով Հայաստանում ընթացող իրավական գործընթացներում՝ Փաշինյանը պատասխանեց. ՛՛Մուշեղ Սաղաթելյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Բարեղամյանն արդեն իսկ արդարացվել են ՄԻԵԴ-ի համանման որոշումների հիմքով։ Ես նույնպես հետեւողական եմ լինելու, եւ կա՛մ Դատախազությունը, կա՛մ իմ փաստաբանը կդիմեն սահմանված ընթացակարգերով: Ի՞նչն եմ կարեւորում՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ իմ հանդեպ հետապնդումները քաղաքական են եղել, որ ես քաղբանտարկյալ են եղել, որ ինձ ներկայացված մեղադրանքները բավարար չափով հիմնավորված եւ ապացուցված չեն եղել՛՛:

  • Կիսվել: