ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինձ կանչել են հարցաքննության, դա քաղաքական ճնշում է․ Դավիթ Խաժակյան

Ինձ կանչել են հարցաքննության, դա քաղաքական ճնշում է․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր պարզել է, որ երկու տարբեր, միմյանց հետ կապ չունեցող քրեական գործերով պետք է վկայություն տա և այդ պատճառով էլ նա հրավիրվել է քննչական մարմին։

Այսօր Խաժակյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ քրեական գործերից մեկը վերաբերում է իր վարորդին, թե իբր նա չգրանցված աշխատող է։

«Երբ դա իմացա պարզապես ծիծաղս եկավ, որովհետև նրա գործառույթները փաստաթղթավորված են, ինչ ստանում է, ըստ համապատասխան փաստաթղթերի է ստանում», -ներկայացրեց Խաժակյանը՝ նշելով, որ ըստ ամենայնի, իրեն հետևել են, նաև ձայնագրել են խոսակցությունները։

Նրա համար նաև տարօրինակ է, որ քննչական մարմինները ներխուժել են իր անձնական կյանք և այնպիսի հարցեր են տվել իրեն, որ զարմանալի է եղել։ Մյուս քրեական գործի վերաբերյալ պաշտոնական որևէ բան Խաժակյանն ասաց, իրեն հայտնի չէ։ Ունի ենթադրություն, որ այն վերաբերում է ԱԱԾ-ի դիմաց օրեր առաջ տեղի ունեցած հավաքին, որին ինքը ևս ներկա է եղել։

«Անկեղծ ասած մտածում էի՝ գործը նույնիսկ հարուցելուն չի հասնի, բայց հարուցվել է, թեպետ մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Սա առնչվում է «Լուսավոր Հայաստանի» հետ, քանի որ վարորդը քաղաքականապես ակտիվ չէ։ Այս քաղաքական թոհուբոհի մեջ, երբ մենք տարբեր հայտարարություններ ենք անում, իշխանությունը նման քայլի է գնում, դա ճնշում է։ Քաղաքական ճնշում է ավագանու ընդդիմադիր անդամի վրա։ Եվ ես լավ գիտեմ, որ դա գալիս է մի կետից՝ Նիկոլ Փաշինյանից։ Նա երևի շատ է նեղվել, որ իր քավորի կատարած հանցագործությունների մասին բարձրաձայնել եմ», -հայտարարեց Խաժակյանը։

  • Կիսվել: