Ինձ երբեք չեն կարող պարտադրվել որոշումներ՝ առանց իմ կարծիքը հաշվի առնելու. Արմեն Գևորգյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն անդրադարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որի, ընդդիմությունն ունի Հայաստանի վարչապետի թեկնածու և դա ինքն է:
Նա, մասնավորապես, նշել է. «Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ այս օրերին ես Հռոմի Պապի թեկնածուների շարքում եմ, և այդպիսով ստանալ ոչ թե տեղական, այլ արդեն միջազգային նշանակության նորություն։ Այսքանով թեման կարելի էր գուցե փակված համարել։ Բայց։
Այսօր Հայաստանում կարող են փակ դռների հետևում ինչ-որ բան խոսել, այդ թվում՝ այդ դռներից դուրս գտնվող մարդկանց մասին, ինչը օբյեկտիվորեն հնարավոր չէ կանխել։ Բայց անընդունելի է, երբ հետո տեղի է ունենում «արտահոսք», որի մասին նյութում արծարծվող անձն ընդհանրապես տեղյակ չէ։
Այս ողջ պատմությունը ոչ միայն լրջության լուրջ դեֆիցիտ ունի, այլ նաև՝ ազնիվ չէ։ Իսկ եթե դա արվում է վարչապետի թեկնածուների «քաստինգ» կազմակերպելու համար, ապա ես դրան որևէ ցանկություն չունեմ մասնակցելու և ինձ երբեք չեն կարող պարտադրվել որոշումներ՝ առանց իմ կարծիքը հաշվի առնելու։ Վստահ եմ՝ բոլոր նրանք, ում հետ ես աշխատել եմ իմ կյանքի տարբեր փուլերում, շատ լավ տեղյակ են իմ կամային հատկանիշների և ինձ առնչվող հարցերում որոշումներ կայացնելու իմ ընդգծված ինքնուրույնության մասին։
Հուսով եմ՝ այսքանով իրականության հետ աղերս չունեցող այս թեման կսպառվի»: