հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինչու չեն ձերբակալել Աշոտյանին․ նա մանրամասներ է հայտնում

Ինչու չեն ձերբակալել Աշոտյանին․ նա մանրամասներ է հայտնում

Կարծեք թե այս երկու օրը ապրում ենք մի էժանագին հեռուստասերիալի մեջ, վատ սցենարով, վատ բեմադրված մի հեռուստասերիալի մեջ։  Ինչպես գիտեք ես ու իմ փաստաբան Աթանեսյան Տիգրանը ժամեր առաջ որոշ ժամանակ անցկացրինք Քննչական կոմիտեի շենքում։ Իմ փաստաբանը հստակ ձեզ արդեն ներկայացրել է իրավական կողմը, իսկ ես ուզում եմ ձեզ մի քանի բան ավել ասել, գնահատականներ տալ։ Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, որը քիչ առաջ գտնվում էր Քննչական կոմիտեում։

«Տպավորություն կարող է ստեղծվել իրականում, թե մենք շատ գոհ ենք այս ելքից։ Շատերդ, ես հասկանում եմ, մտածում էին, որ ինձ տանելու են կալանավորեն, ձերբակալեն և այլն։ Իրականում այն փաստը, որ ես դուրս եկա այն դռնից, որից մտել էի Քննչականի շենք, շատերիդ ուրախացրեց։ Առաջին հայացքից կարծես տպավորություն կա, թե ինչ լավ է, որ սենց եղավ, որ ինձ չձերբակալեցին և այլն։ Ոչ, ոչինչ էլ լավ չէ։ Ինձ կալանավորումով չեն վախեցնի, ես այսօր իմ ասուլիսին ասել եմ, որ եթե այդպիսի բան լինի, ապա կամ կալանավայրից կհանեն իմ դիակը, կամ էլ ես այդ կալանավայրից դուրս գալով Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակը կհանեմ վերջապես կառավարական իր սենյակից, ուստի Նիկոլը պատրաստ չէ այս երկընտրանքին։ Նա ոչ պատրաստ է իմ դիակը Քննչականից հանելու, ոչ էլ պատրաստ է իր սեփական քաղաքական  նեխած դիակը հանելու իր սենյակից, որը դեռևս զբաղեցնում։ Ահա սա է առաջին պատճառը, որ ինձ չեն կալանավորել, չեն ձերբակալել։Նիկոլը միանշանակ պատրաստ չէ սրան։

Իսկ երկրորդ պատճառը, որ ինձ մինչև հիմա չեն կալանավորել, դա այն է, որ շատ արագ եվրոպական քաղաքական հանրությունից եղավ արձագանք, եվրոպական ամենախոշոր կուսակցության գլխավոր քարտուղարը թվիթերյան իր էջում գրառում կատարեց ու խստորեն դատապարտեց այս իշխանությունների գործողությունները։ Իսկ դուք գիտեք, որ թվիթերում լուրջ մարդիկ հենց այնպես գրառումներ չեն անում։ Թվիթերը քաղաքական իմաստով շատ ավելին է, քան ինստագրամն ու ֆեյսբուքը։ Եվրոպական խոշոր հավաքին ինձ մեկնել չթողնելու որոշումը փաստորեն հստակ գնահատականի արժանացավ ու դատապարտվեց։ Սա որոշակի հստակ զսպող մեխանիզմ հանդիսացավ փաստորեն այս խունտայի համար »,- հավելեց նա։

 

  • Կիսվել: