շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչպիսի որակ ունի կառավարիչները, այդ որակն էլ ունի նաեւ պետությունը․ Բագրատ Սրբազան

Ինչպիսի որակ ունի կառավարիչները, այդ որակն էլ ունի նաեւ պետությունը․ Բագրատ Սրբազան

Միասնական լինելու համար պետք է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որովհետեւ ամենափոքր միավորներն անգամ ձախողում կամ հաջողում են նպատակի չգոյությունից կամ գոյությունից։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Բոլոր տեսիլքներն էլ ի վերջո իրականանում են, եթե դրանց հետեւից գնում ես։ Դյուրին է ապրելն անցյալի մտքով, որովհետեւ այնտեղ պատասխանատվություն չունես, նույն կերպ էլ՝ ապագայում, դժվարություն է ապրելը ներկայում եւ կառուցել այն, ինչ պետք է։ Մենք այսօր բազմաթիվ մարտահրավերների առջեւ ենք՝ գլխավորն անվտանգայինը, Արցախի հարցը, մեր ժողովրդագրական իրավիճակը։ Ես միշտ զարմացել եմ՝ ինչպես ունենալով նման ներուժ կարող ենք հայտնվել այս իրավիճակում։ Մեր մեծ ներուժի հսկայական մասը մսխել ենք։ Ուզում եմ հնարավորությունը տեսնել այս միջոցով կառուցելու քայլերը, որոնք կլինեն այդ մարտահրավերների դիմաց»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով՝ կարեւոր է ուժեղ ազգային նկարագրով պետությունը, բոլոր հարցերի լուծումը պետականությունն է, որովհետեւ անհատները, որքան էլ լավը լինեն, միայն իրենց շրջապատը կարող են փոխել։

«Ամեն ինչի հիմքն արժեքներն են, եւ դրանցից բխած նպատակը։ Հասարակական կյանքի որակը փոփոխողը պետության կառավարիչներն են։ Ինչպիսի որակ ունեն կառավարիչները, այդ որակն էլ ունի նաեւ պետությունը։ Ներկայի այս բարդ իրավիճակը նաեւ մեծագույն հնարավարություն է նոր կյանք ու նոր երկիր կառուցելու։ Հույսը ոչ թե պետք է դնել ուրիշների վրա եւ թելադրվել, այլ փորձել լինել թելադրող, ստիպող։ Մեզ ասում են հնարավոր չէ, ես ասում եմ՝ հնարավոր է։ Հնարինությունը եւ անհնարինությունն անելու եւ չանելու մեջ է։ Երբ ասում են՝ մենք Թուրքիայի հետ խոսում ենք առանց նախապայմանների, ասում եմ՝ նախապայման չեք էլ թողել, որ կատարեք։ Բոլոր երկրների հետ հարաբերությունների հնարավորություն կա, կարեւոր է՝ ինչ գին ես վճարելու»,- ասաց արքեպիսկոպոս Գալստանյանը։

Արքեպիսկոպոսի խոսքով՝ եկեղեցին չի գործում ինչ-որ մեկի դեմ, մենք ասում ենք՝ սա է ճանապարհը, թե դրա մեջ ով կմտնի, իրենց որոշելիքն է։

«Ես չեմ կարող ճանապարհ գնալ մեկի հետ, որը խոսում է հանձնվելու մասին, 120 հազար մարդուն 300 միլիոնով փոխարինելու մասին։ Ես այդ մարդու հետ ճանապարհ գնալ չեմ կարող։ Սա է գաղափարական խզումը։ Եկեղեցին այսօր կռվում է մի մեծ հոսանքի դեմ, ինչը հաճախ տեսանելի է, հաճախ՝ ոչ»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: