Ինչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն Ալեքսանյանի արձագանքը
Ենթադրյալ ԲՀԿ–ի մանդատներից 3–ը բաժին է հասել ՔՊ–ին, մեկը՝ «Ուժեղ Հայաստանին», բա էդ մանդատն ինչի՞ են վերցրել։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը գողացել է ԲՀԿ–ի մանդատները։
«Որևէ մեկը հրաժարվե՞լ է մանդատից։ Երկրորդը, երբ այդ տեղամասերում քվեարկության դեպքերը տեղի էին ունենում, ես այդ ժամանակ սոցցանցերում ասում էի՝ մի շահարկեք զինվորների ուշ քվեարկությունը։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները ամեն մեկը 8 հատ ռիլ նկարեց, 90 հատ ստատուս գրեց, բոլորը հայտարարում էին, որ պետք է չեղարկվեն ընտրությունները, այսպես չի կարելի։ Չեղարկվեց այդ տեղամասերի քվեարկությունը, արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,–ասաց նա։
Անդրադառնալով բարեկիրթ լինելու ՔՊ–ի կողմից հնչող կոչերին, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ իրենք բարեկիրթ կլինեն այնքան, քանի դեռ դիմացի կողմից այլ առաջարկ պահանջ չի եղել։
Հարցին՝ ՔՊ–ում արդեն քննարկե՞լ են, թե ինչպես են քվեարկելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր Արամ Վարդևանյանի թեկնածությանը, նա պատասխանեց, որ դեռ հարցը չեն քննարկել, հավելելով. «Նա, իմ կարծիքով, մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է»։
Հիշեցնենք, որ ԱԺ երեք փոխնախագահներից մեկին պետք է առաջադրի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ «Ուժեղ Հայաստանը», որը որոշել է առաջադրել Արամ Վարդևանյանի թեկնածությունը։



