երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչո՞վ է զբաղված «Ապրելու երկիրը»․ «Փաստ»

Ինչո՞վ է զբաղված «Ապրելու երկիրը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչը շատերի համար անակնկալ էր: «Փաստը» փորձեց ճշտել՝ ի՞նչ տրամադրություններ ու պրոցեսներ են այսօր կուսակցությունում: «Մենք բազմաթիվ համայնքներում հաղթել ենք, շատերում նշանակալի ներկայացվածություն ապահովել։ Երևանը ևս Հայաստանի համայնքներից է, որտեղ այս փուլում «Ապրելու երկիրը» որոշակի անակնկալ անհաջողություն է ունեցել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, սակայն քաղաքական գործունեությանը երբեմն բնորոշ են անակնկալները»,- «Փաստի» հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Հարցնում ենք՝ արյդուամենայնիվ, ընտրություններից հետո ինչպիսի՞ զարգացումներ են կուսակցության ներսում։ «Նորմալ, առողջ ներկուսակցական մթնոլորտ է, քննարկումների և կուսակցական կառույցների ակտիվացման փուլում ենք։ Հաղթանակները հնարավորություն են՝ ցուցադրելու կառավարման հմտությունները և հնարավորությունները, ինչը մենք արել ենք այն համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքներով ստանձնել ենք կառավարումը, իսկ պարտություններն ու անհաջողությունները շանս են վերլուծելու թերություններն ու պատճառները»,- նշեց Առաքելյանը։

Մեր զրուցակցի խոսքերով, Երևանի ավագանու ընտրություններին իրենք փորձեցին տալ գլխավոր ուղերձը` ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, ինչն «Ապրելու երկիրը» հաջողությամբ իրականացրել էր այլ համայնքային ընտրությունների ժամանակ, պարզապես քաղաքական վայրիվերումներից հոգնած հանրությունը չգնաց ընտրությունների և հաջորդ օրը անակնկալի եկավ՝ տեսնելով ուղերձի իրավացիությունը։ «Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ քիչ թե շատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, «Ապրելու երկիրն» անհամեմատ բարձր քվեներ է ստացել»,-ասաց կուսակցության համահիմնադիրը։

Հարցին՝ կուսակցությունում տրամադրվածությունները փոխվե՞լ են ապագա գործընթացների նկատմամբ, Առաքելյանը պատասխանեց. «Բացարձակ, պատրաստվում ենք ապագա պրոցեսներին՝ միևնույն ժամանակ ակտիվ աշխատելով այն համայնքներում, որտեղ ունենք ներկայացվածություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: