ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչո՞ւ ենք անընդհատ Արցախի խնդրի լուծումը Հայաստանում փնտրում. Արցախն անկախացել է. ՔՊ-ական պատգամավոր

Ինչո՞ւ ենք անընդհատ Արցախի խնդրի լուծումը Հայաստանում փնտրում. Արցախն անկախացել է. ՔՊ-ական պատգամավոր

Արցախը մնում է իր տեղում, իսկ մենք ստանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության կոնկրետ սահմաններով հավաստիացում հակառակ կողմից, նույնը անում ենք մենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանը, երբ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ ենք անընդհատ Արցախի խնդրի լուծումը Հայաստանում փնտրում եւ անտեսում Արցախի քաղաքական պատկերացումները իրենց խնդրի լուծման հարցում. «Արցախը իրականացրել է հանրաքվե եւ հռչակել պետություն, ունի իր նախագահը, իր պառլամենտը, իր անվտանգային գործիքակազմը: Այսօր իմ կարծիքով, Արցախն աշխարհի ամենաանկախ պետությունն է, որովհետեւ բոլոր պետական ինստիտուտները կան փակ ճանապարհների պայմաններում»:

Դիտարկմանը, որ Հայաստանն այն ճանաչում է այլ պետության կազմում, պատգամավորն ասաց. «Քանի դեռ Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Արցախն ունի կարգավիճակ: Միջազգային ինչ ձեւակերպման կհասնենք, դրա համար շատ ժողովուրդներ երկար ժամանակ իրենց կռիվը տվել են: Ստացվեց այնպես, որ մեր կռիվը կիսատ է մնացել: Բայց այդ կռվի մասին անընդհատ խոսելով մենք կարծես, ռիսկի ենք դնում ամեն ինչ նորից պատերազմի միջավայր ստեղծելով: Մենք դեռ պետք է հասկանանք մեր պարտության պատճառները»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ-ում ով չի ընդունում իր քաղաքացիությունը, պետք է դուրս գա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դրա համար մենք ասում ենք, որ փոխանակ այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններով շարժվենք, Ադրբեջանը պետք է իր սահմանների մեջ գտնվող Արցախի իշխանությունների հետ խոսի: Ինչքան շուտ խոսեն, այնքան պատկերը հստակ կլինի»:

  • Կիսվել: