շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը․ պաշտոնական արձագանք

Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը․ պաշտոնական արձագանք

Հեղուկ գազի թանկացումը վերջին օրերին վարորդներին անհանգստացնող ամենաարդիական խնդիրն է դարձել։ Որոշ տեղերում արդեն 1 լիտրը 280 դրամի հասնող հեղուկ գազը մինչ թանկացումները, վարորդների խոսքով, լցրել են 170-180-200 դրամով։ Վարորդներից շատերն էլ մոտ օրերս սպասում են գնի թանկացման մինչև 300 դրամ։

Ֆեյսբուքյան տարբեր խմբերում իրենց մտահոգությունների մասին կիսվելիս վարորդները նշում են, որ որոշ լցակետերում անգամ սահմանափակ քանակությամբ են հեղուկ գազ լցնում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի օգնական Անի Սմբատյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հանձնաժողովը գների վերահսկողություն իրականացնում է միայն այդ դեպքում, երբ ապրանքային շուկայում կա(ն) գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ(ներ) կամ առկա է հակամրցակցային համաձայնություն:

«Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա», - ասաց նա։

Ինչ վերաբերում է հակամրցակցային համաձայնություններին, ապա, ըստ նրա, դրանք բնորոշ չեն ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին:

  • Կիսվել: