շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինչո՞ւ այսօր չկայացավ Փարաքարի ավագանու նիստը եւ չընտրվեց համայնքապետ

Ինչո՞ւ այսօր չկայացավ Փարաքարի ավագանու նիստը եւ չընտրվեց համայնքապետ

Համայնքը չի կարող կառավարվել, եթե ավագանիում կա կոնֆլիկտ, եթե խմբակցություններից մեկը բոյկոտում է, մեկը չի ներկայանում: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ավագնիում ստեղծված իրավիճակին:

«Այստեղ երեք կողմ գոյություն ունի, եթե համաձայնության չկն, այլ լուծում գոյություն ունի՝ նոր ընտրություններ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այսօր ժամը 10-ին նշանակված ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է համայնքի ղեկավար ընտրվեր, չկայացավ, թեեւ ավագանու 21 անդամներից 11-ը ներկա էին, նա պատասխանեց. ««Ապրելու երկիր» խմբակցությունը չէր եկել, այսինքն 11 հոգով պետք է նիստը կայանար, ինչը նշանակում է, որ խնդիրը չի հաղթահարվում, կոնֆլիկտ է լինում: Երկրորդ, իրավիճակը համայնքում կարիք ունի հանդարտեցման: Ավագանու հաջորդ նիստին շատ հնարավոր է, որ 21 անդամներն էլ մասնակցեն եւ հենց Դավիթ Մինասյանն էլ ընտրվի: Այսինքն այս ամենը զուտ համայնքում համերաշխ իրավիճակ ստեղծելու համար է: Այսօրվա ընթացքում կհանդիպեն, կխոսեն, եւ կախված դրա արդյունքներից վաղը կամ մյուս օրը ավագանու նիստ կհրավիրվի»,-ասաց Երիցյանը՝ հավելելով, որ նիստը հրավիրում է աշխատակազմը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար համայնքի ավագանին այսօր՝ հունվարի 5-ին իր անդրանիկ նիստն էր հրավիրել, օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, սակայն նիստը չկայացավ, քանի որ «Ապրելու երկիր» խմբակցությունը չէր ներկայացել:

 

  • Կիսվել: