չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ինչն էր Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու հիմնական պատճառը. մեկնաբանում է ռուս քաղաքագետը

Ինչն էր Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու հիմնական պատճառը. մեկնաբանում է ռուս քաղաքագետը

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը չի կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները երկու մարդու`Փաշինյանի եւ Պուտինի փոխհարաբերություններ են կամ ինչ-որ քաղաքական խմբերի հարաբեություններ: Այս մասին նա ասաց տեսակոնֆերանսի ժամանակ՝ պատասխանելով հարցին` իր կարծիքով ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունիսի 24-ին, չմասնակցեց Մոսկվայում կայացած՝ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Քաղաքագետը հայ-ռուսական հարաբերությունները քաղաքագետը որակեց ռազմավարական բնույթ ունեցող եւ բավական լուրջ հարաբերություններ, որոնք պայմանավորված չեն եղել ՌԴ-ում եւ ՀՀ-ում իշխանությունների փոփոխությամբ, դրանք առ այսօր պահպանում են հետխորհրդային շրջանում ձեռք բերված բնույթը:

Նա նշեց նաև, որ հիմնական խնդիր չի համարում ՀՀ վարչապետի`Մոսկվայում կայացած տոնական շքերթին մասնակցել-չմասնակցելը: Մարկեդոնովն ուշադրություն հրավիրեց իր կարծիքով առավել կարեւոր փաստի վրա` շքերթին մասնակցում էր հայկական զինվորական միավորը:

Քաղաքագետն ասաց. ՛՛Առաջին դեմքերը գալիս են, գնում են, իսկ ռազմական-ռազմավարական համագործակցությունը մնում է: Դա, ըստ իս, առավել մնայուն արժեք է՛՛:

Ըստ նրա՝ թե Ալիեւը, թե Փաշինյանը, եւ թե մյուսները անկախ պետությունների ղեկավարներ են եւ կարող են սեփական օրակարգերը ունենալ: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու բուն առիթին, COVID 19-ի համավարակի աստիճանը նա լուրջ, բայց ոչ միակ պատճառը համարեց:

Մարկեդոնովի խոսքով՝ Փաշինյանի՝ Մոսկվա չմեկնելու պատճառներից մեկը ներհայաստանյան զարգացումները, մասնավորաբար, ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններն են:

Ըստ քաղաքագետի՝ հայ-ռուսական հարաբերությունները հունիսի 24-ով չեն ավարտվում: Սերգեյ Մարկեդոնովի դիտարկմամբ՝ «թավշյա հեղափոխության» հաղթանակից ի վեր իշխանության ճյուղերը ղեկավարվում էին մեկ կենտրոնից`այդ հեղափոխությամբ իշխանության եկած ուժի կողմից, եւ դա ոչ լավ է, ոչ վատ, տրամաբանությունն է այդպիսին:

Նա նկատեց՝ միակ անվերահսկելի ճյուղը մնում էր դատական իշխանությունը եւ այդ ուղղությամբ քայլերը սկսվեցին մեկ տարի առաջ`առայժմ իրենց տրամաբանական հանգրվանը գտնելով խորհրդարանի վերջին քվեարկությամբ:

Մարկեդոնովն ասաց. ՛՛Հիմա մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը նույնպես ներկայացված կլինի այն ճամբարի կողմից, որն իշխանության եկավ 2018-ին: Այստեղ մենք բավական ուշագրավ պահ ենք տեսնում, երբ այն մարդիկ, ովքեր երկու տարի առաջ, տարբեր ժամանակաշրջանում եւ տարբեր պատճառներով սատարում էին թավշյա հեղափոխությանը`ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», այսօր գտնվում են ընդդիմադիր դիրքերում՛՛: Նա նաև բավական խորհրդանշական որակեց, որ սահմանադրական փոփոխությունների եւ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին խորհրդարանում քվեարկեց միայն իշխող ուժը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ ի դեմս «Հայրենիք», ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների՝ կոնտրընդդիմադիր դաշտ է ստեղծվում իշխանության համար, որն ամբողջովին «նախկիններից» բաղկացած չէ, այլ Նիկոլ Փաշինյանի երբեմնի զինակիցներին է ներառում:

Խոսելով նախորդ իշխանությունների մասին՝ նա ուշադրություն հրավիրեց Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան վերջին հանդիպմանը: ՛՛Երկու նախկին նախագահները փորձում են դեռեւս խորհրդանշական հարթությունում ցուցադրություններ անել: Հստակ չէ, որ ինչ որ բան նրանց մոտ կստացվի, քանզի ոչ մեկը, ոչ մյուսը հզոր կուսակցական հենարան չունեն. ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք նախագահների թիկունքում են, ցրված վիճակում են՛՛,-ասաց Մարկդոնովը:

Նա զրոյական գնահատեց ՛՛նախկինների՛՛ հնարավորությունները, փոխարենը, ըստ նրա, իշխանությունն ամենալավ վիճակում է, քանի որ դեռ հանրային աջակցություն ունի, դրան գումարած՝ իշխանական լծակները:

Մարկեդոնովը նշեց, սակայն, որ նման վիճակները մշտական չեն կարող լինել եւ ամեն ինչ արագ կարող է օդ ցնդել, ինչպես ժամանակին եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում`վարկանիշի կտրուկ աճ եւ կտրուկ անկում:

 

  • Կիսվել: