չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք. Բադասյանը՝ բարեվարքության ստուգման մասին

Ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք. Բադասյանը՝ բարեվարքության ստուգման մասին

Ես միշտ ասել եմ, որ վեթինգ, բարեվարքության ստուգում եւ այլ բազմաթիվ տերմիններ տարբեր իրավական համակարգերում տարբեր նշանակություն ունեն, եւ մենք ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով «Քրեական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին, նա նշեց․

«Բոլոր այն պատգամավորները, որոնք կարծում են, որ այս նախագծից ավելի արդյունավետ նախագիծ կարող են բերել, որը միաժամանակ չհակասի Սահմանադրությանը եւ ներկայացնեն մեր դատին, մենք այդ առաջարկները կընդունենք: Հայտարարել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ենք ձեռնարկելու, այդ արդյունավետ միջոցները ձեռնարկել ենք, բերել ենք Ազգային ժողով։ Այն անձը, որը կոռուպցիոն հանցագործությունների հետ որեւէ կապ չունի չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում, որ բարեխիղճ ձեռքբերողի շահերը պաշտպանված են: Սա կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ գործիք է»:

Հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետական կառավարման համակարգում, մասնավորապես ուժային կառույցներում եղել են, գուցե նաեւ կան դավաճաններ , սակայն այդ հայտարարություններին որեւէ իրավական գործընթաց չի հաջորդում, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.

«Խնդրում եմ՝ ճիշտ վկայակոչել վարչապետի խոսքերը, ամբողջական խոսքը վկայակոչել, ինչ ինքը նկատի ունի, ինչպես է ինքը մեկնաբանում եւ ամեն ինչ ակնհայտ կլինի: Կարծում եմ՝ վարչապետի խոսքերն առավել քան հասկանալի են եւ հավելյալ մեկնաբանման կարիք չունեն»:

  • Կիսվել: