Ինչ են քննարկել հայաստանյան ընդդիմադիր ուժերը երեկ մինչև ուշ գիշեր
Տրեկ երեկոյան հայաստանյան ընդդիմադիր մեկ տասնյակից ավել ուժեր «փակ» հանդիպում էին կազմակերպել քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծումները:
Ինչպես InfoPort.am-ին հայտնել են հանդիպման մասնակից կուսակցությունների իր տարբեր աղբյուրները, ինչպես և ակնկալվում էր, ընդդիմադիրները գտել են, որ ստեղծված իրավիճակից միակ հանգուցալուծումը կլինի ՀՀ և Արցախի ներկայիս իշխանությունների հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը:
Ընդ որում, ի սկզբանե որոշվել է հայտարարության տեքստը կազմել բավական կոշտ ձևակերպումներով` ընդհուպ որակելով ՀՀ և Արցախի ներկայիս իշխանություններին, որպես «դավաճաններ», որոնցից «ազատվելով միայն կարելի կլինի շտկել ստեղծված իրավիճակը»:
Սակայն տեքստի բովանդակության շուրջ ծագել են տարաձայնություններ: Ինչպես հաղորդեցին հավաքին մասնակից մեր աղբյուրները, տեքստի բովանդակությանը դեմ է եղել մասնավորապես «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Նա մասնավորապես շեշտել է, որ ռազմական իրավիճակի ժամանակ հայկական երկու պետությունների ղեկավարությանը առանց բավական հիմնավորումների և փաստերի «դավաճան» պիտակավորելը, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ այս դժվարին իրավիճակում: Մեր ունեցած տվյալներով Ղուկասյանը այնուհետ լքել է քննարկումների դահլիճը:
Ըստ մեր աղբյուրների տեքստի նման բովանդակությանը կողմ չէ նաև Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերվում է ժամանակավոր կառավարության ստեղծմանը, ապա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջարկել է, որ այն ղեկավարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ինչևէ, երեկ մինչև ուշ գիշեր տևած քննարկումների արդյունքում ընդդիմադիրները ընդհանուր հայտարարի չեն եկել և քննարկումները շարունակել են այսօր` մշակելով արդեն հայտարարության նոր տեքստ նույնաբովանդակ պահանջով, սակայն ավելի մեղմ ձևակերպումներով: Ենթադրվում է, որ կուսակցությունների միջև կոնսենսուսի պարագայում հայտարարության տեքստը կհրապարակվի վաղը:


