ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ ասել եմ, դրա տերն եմ․ Ծառուկյանը՝ իր հայտարարության մասին

Ինչ ասել եմ, դրա տերն եմ․ Ծառուկյանը՝ իր հայտարարության մասին

Հայաստանում կա 200 հազար ընտանիք, որն օրավարձով է աշխատում և 5-6 հազար դրամով տուն է պահում, հիմա ստեղծված իրավիճակում չի աշխատում և ունեն խնդիրներ, այսօր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով, իրենք առաջարկում են այդ ընտանիքներին ու այս օրերին չաշխատողներին տրամադրել ամսական 60-70 հազար դրամ, որ խնդիրներ չառաջանան։

«Մենք առաջարկում ենք, որ բանկերը երեք ամսով ներեն վարկային տոկոսները։ Մեկ միլիոնից ավել վարկառու կա, մարդը չի աշխատում, ո՞նց վճարի էդ տոկոսները։ Հիմա առաջարկում են երեք ամիս սառեցնել, հետո նույն տոկոսները վճարել, եղբայր ջան, հո չե՞նք ընկել մենք մեր ժողովրդի հետևից։ Պետք է սառեցնեն, որ մարդը չմտածի տոկոսների մասին, այլ առօրյա սնունդ հայթայթելու», հայտարարեց Ծառուկյանը։

Հայաստանում տարբեր բիզներների հետ սերտ առնչություն ունեցող պատգամավորը նշեց, որ այսօր «իրար վրա ցեխ շպրտելու» ժամանակը չէ․ «Ներկայացնում ենք առաջարկներ ու պատրաստ ենք 24 ժամ աշխատել, պիտանի լինել, որ խնդիրները լուծվեն»։


Հիշեցնենք՝ օրեր առաջ Ծառուկյանը, խոսելով արտակարգ դրության պայմաններում հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատողներին վճարելու մասին, նշել էր, թե «բայց ես ինչի՞ պիտի վճարեմ, պետությունը արտակարգ դրություն է հայտարարել, ինքն էլ պարտավոր է չաշխատող ժողովրդին գումար տրամադրի»: Այս հայտարարությունը բուռն քննադատության էր արժանացել, և շատերը դա համարում էին քաղաքական գործչի, գործարարի կողմից թույլ տված սոցիալական անպատասխանատվություն։

Անդրադառնալով դրան, Ծառուկյանն ասաց, որ իր մտքերը կցկտուր են ներկայացվել, սակայն պնդեց՝ «Ինչ ասել եմ, դրա տերն եմ»։

Այնուհետև կուսակիցներին հորդորեց այսօր քննարկման արդյունքներով կազմել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել ԱԺ նախագահին ու կառավարություն։


Chat conversation end
Type a message...

  • Կիսվել: