կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաքը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ և օրինական է. Վահագն Հովակիմյանը հերքել է տարածվող լուրերը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաքը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ և օրինական է. Վահագն Հովակիմյանը հերքել է տարածվող լուրերը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը արձագանքել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամի շուրջ տարածվող տեղեկություններին ու իր ֆեյսբուքյան էջում գրել.

«ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքը 2018 թվականի նոյեմբերի 26-ին դրամահավաք իրականացրեց։ Այս միջոցառումը օնլայն հեռարձակվում էր, դրան ներկա էին Հայաստանի և արտերկրի բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Դրամահավաքը եղել է ամբողջությամբ թափանցիկ։ Դրամահավաքի ընթացքում հավաքված գումարի մի մասը հաջորդած օրերին ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի պատգամավորության թեկնածուների կողմից մուտք է արվել նախընտրական հիմնադրամ՝ ՀՀ Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարին։ Այս գործընթացն իրականացվել է ամբողջությամբ հրապարակային։ Դրամահավաքը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ։ Ցանկացած լրագրող կարող էր դիմել ԿԸՀ և ստանալ այդ պահին առկա տվյալները և հրապարակել դրանք։ Բազմաթիվ լրատվամիջոցներ հենց այդպես էլ վարվել են, մեկնաբանությունների համար էլ բազմիցս դիմել են ինձ։

Ի դեպ, ընդդիմադիր “Լուսավոր Հայաստան” կուսակցությունը ևս ԱԺ ընտրությունների իր ֆինանսավորման խնդիրը նույն կերպ էր լուծել՝ դրամահավաք կազմակերպելու միջոցով։ Ինչևէ, վերը նկարագրված գործընթացը եղել ՀՀ օրենսդրության տառին համապատասխան և ամբողջությամբ թափանցիկ։ Սակայն անցնում է մեկ տարի, իբրև լրատվամիջոց ներկայացող մի կայք դիմում է ՀՀ ԿԸՀ-ին և պահանջում իրեն տրամադրել ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի նախընտրական հիմնադրամի մուտքերի վերաբերյալ տվյալները։ Կրկնում եմ խոսքը բաց տվյալների մասին է, որոնք մշտապես հասանելի են եղել լրատվամիջոցներին։ Երբ այդ տվյալները նշված կայք ստանում է, դրանից հետո իրադարձությունները սկսում են զարգանալ հայտնի <Հայելի> մուլտֆիլմի սցենարով։ Գենետիկ կոռուպցիոներ մի երիտասարդ հայտարարում է, թե կոռուպցիոն շղթա է բացահայտել։

Մեկուրիշը հայտարարում է, թե տեսեք-տեսեք այս, այս, այս մարդիկ որքան գումար են վճարել նախընտրական հիմնադրամ, որտեղից նրանց այդքան գումար և այսպես շարունակ։ Այսինքն դրամահավաքը մոռացության է տրվում, դե մեկ տարի անցել է ով պետք է հիշի դրա մասին։ Իրենք թեկնածուներն էլ մոռացած կլինեն։ Կայքերի մի խումբն էլ սկսում են այդ հայտարարությունները տարածել՝ բնականաբար առանց երկրորդ կողմի կարծիքը ճշտելու։ Կարող էին չէ հրապարակման մեջ հիշատակված անձանցից մեկնաբանություն ուզել, բայց՝ ոչ։ Պարկեշտությունը կեղծիք տարածողին խորթ է։ Իրենց գործը լրատվությունը չէ, այլ «կեղծիքի արտադրամասի» նյութերը տարածելն է։

Ամենացավալին այն է, որ այդ վայ կայքերն իրենց գործելաոճով առաջին հերթին լրագրողի վեհ մասնագիտությունն են ոտնակոխ անում։ Ինչևէ, ուշագրավ է, որ նախկին պաշտոնյաները, որոնց ողջ կյանքը կոռուպցիայի և կեղծիքի մի մեծ շղթա է, ամենամեծ ջանասիրությամբ են այդ կեղծիքը տարածում։ Ուզում էս նրանց ասես, որ զուր եք ձեզ կոտորում, մղձավանջային երազում անգամ մենք ձեզ հետ ընդհանրություն չունենք, գործել և գործելու ենք բացառապես օրինական դաշտում։ Հ․Գ․Համաձայնեք, որ առանձնահատուկ տաղանդ է պետք ունենալ մեկ տարի առաջ հրապարակված, բաց ռեսուրսում եղած տվյալները իբրև բացահայտում ներկայացնելու համար»։

  • Կիսվել: