հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Իմ քայլի» պատգամավորները բաժանվել են երկու մասի. ով որ թևից է․ «Ժողովուրդ»

«Իմ քայլի» պատգամավորները բաժանվել են երկու մասի. ով որ թևից է․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը դարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննարկման թեժ թեման: Բանն այն է, որ օրենսգրքի նախագծի ընդունման հարցում իմքայլականները բաժանվել են երկու թեւի:

Մարզերից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներն ամեն ինչ անում են, որ ընտրությունների գնան հին օրենսգրքով, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը չհանվի օրենսգրքից, իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշ անդամներ կողմ են, որ Ընտրական օրենսգրքից ընդհանրապես հանվի ռեյտինգային ընտրակարգը, լինեն միայն համամասնական կարգով ընտրություններ: Օրենսգրքի փոփոխություններին կողմ է նաեւ իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը տեւական ժամանակ է՝ աշխատում էր օրենսգրքի փոփոխությունների վրա:

Օրենսգրքի փոփոխությունների կողմնակից են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւ Հայրապետյանը, Աննա Կարապետյանը, որոնք դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին գնալ ներկայիս ընտրակարգով: Ու այժմ այս հարցը դարձել է տարաձայնությունների պատճառ:

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հստակ իր թիմին չի ասել, թե այս հարցում իր վերջնական դիրքորոշումը որն է: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո խմբակցությունը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նրանք լծվել էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերը կարգավորելու գործին: Այժմ սպասում են Փաշինյանի խոսքին` հետագա քայլերի համար:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով առաջին հերթին պետք է փոխվեր ռեյտինգային համակարգը: Փաշինյանի խոսքով՝ հենց այս համակարգի շնորհիվ էին նախկին իշխանությունները կարողանում վերարտադրվել, քանի որ օգտագործում էին գործարարների, հեղինակությունների ռեսուրսները եւ հենց նման անձանց շնորհիվ ձայներ բերում, այլ ոչ թե գաղափարների:

Սակայն հիմա, կարծես թե, Փաշինյանի սրտով է ռեյտինգային ընտրակարգը, եւ նա եւս որոշել է նոր ընտրությունները կազմակերպել՝ օգտագործելով հենց իր կողմից մերժված գործիքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: