ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ: Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ընդունել է նահանգապետ Սեյեդ Ալի Աղազադեն, որի հետ քննարկվել են ՀՀ-ԻԻՀ տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման խնդիրները և այդ համատեքստում կողմերի համապատասխան կառույցների ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները:

Կենտրոնական նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպված գործարար համաժողովի ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ տնտեսության և գործարար միջավայրի վիճակը, առևտրային և ներդրումային ծրագրերի իրականացման առավել բարենպաստ ուղղությունները և պատասխանել գործարարների բազմաթիվ հարցերին:

Համաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նահանգի գործարարներից բաղկացած խումբ գործուղել Հայաստան՝ տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունների քննարկման նպատակով: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը եղել է նահանգի մի շարք ձեռնարկություններում:

Դեսպան Թումանյանը Կենտրոնական նահանգ կատարած այցի նպատակների և հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին հարցազրույց է տվել նահանգային ռադիոհեռուստատեսությանը (IRIB): Օրվա ավարտին դեսպան Թումանյանն այցելել է Արաքի Սուրբ Մեսրոպ եկեղեցի և հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: