երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ի՞նչ «որոշումներ» է ուզում կայացնել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

Ի՞նչ «որոշումներ» է ուզում կայացնել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնի իր զայրույթն ու դժգոհությունը եւ անպայման կարտահայտվի: Եվ ահա, Արմավիրի մարզում նա ասել է, թե «որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»:

Շատերի համոզմամբ, այս հայտարարությամբ Փաշինյանը խոստովանում է, որ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է եւ ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից, քանզի, ի վերջո, ի՞նչ գործ ունի երկրի վարչապետը որեւէ քրեական գործի առնչությամբ որոշումներ կայացնելու հետ:

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երբեւիցե չի թաքցրել եւ չի թաքցնում, որ իշխանության գալուց հետո ինքն ուղղակիորեն գործեր է սարքում, գործեր է կարում, անում է այն, ինչ իրեն ձեռնտու է՝ արհամարհելով եւ՛ օրենքները, եւ՛ Սահմանադրությունը: Իշխանության գալուց հետո ասում էր՝ «մարտի 1-ի գործը մեզ համար բացահայտված է»: Բայց անգամ այն դեպքում, երբ բացահայտ խայտառակվել է, առանց ամաչելու նույն տրամաբանության մեջ կրկին հայտարարություններ է անում, ինչը զարմանալի չէ:

Նա բացահայտ ցույց է տալիս, որ հետքայլ չի անելու, որ նոր գործեր են սարքելու, կարելու, որպեսզի նույն Ռոբերտ Քոչարյանին եւ Մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներին, իրենց կարծիքով, «ահ ու սարսափի» մեջ պահեն», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի կարծիքով էլ, ՍԴ-ի շուրջ ամբողջ գործընթացն այս գործով էր պայմանավորված. «Եթե ուզում են կարդալ, թող կարդան:

Մեծ հաշվով, այդ ընթերցանությունն ընդամենը կարող է բարձրացնել որոշ անձանց իրավագիտակցության մակարդակը, թեպետ կարծում եմ, որ հատկապես «Իմ քայլի» ներկայացուցիչների համար դա ինչ-որ առումով արդեն ուշ է: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ շատ ավելի արտահայտիչ է սորոսական ուղղվածություն ունեցող գործիչների պնդումները՝ կապված ՍԴ դատավորների ընտրության ընթացակարգերի հարցերի հետ: Եվ հենց այդ պնդումներից կարելի է ուղիղ հետեւություն անել, որ ՍԴ երեք դատավորի հեռացնելու, ՍԴ-ն կազմալուծելու ամբողջ գործընթացը պայմանավորված է եղել հենց այդ գործով եւ հենց այդ գործով ցանկալի որոշում կայացնելու նպատակով»,-ասաց Մելիքյանը»:

  • Կիսվել: