Ի՞նչ եք առաջարկում, շարունակենք դարավոր թշնամություն անե՞լ մեր հարևանների հետ․ Տարոն Չախոյան
Խնդրում եմ նաև շեշտել, թե քանի գերի է վերադարձել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով նրան, որ դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ մեր գերիները երկու ամիս ավել կսպասեն, մինչև վերադառնան հայրենիք։
«Ինչ է նշանակում՝ ո՞ր պետության շնորհիվ են վերադարձել։ Հայաստանի Հանրապետության շնորհիվ, որ ասեմ՝ Նիգերիայի կամ Կանադայի շնորհիվ՝ կհավատա՞ք։
Իհարկե, դեռևս կան գերիներ, որոնց վերադարձի հետ կապված դեռևս տարվում են աշխատանքներ»,–ասաց նա։
Հարցին՝ ինչու խաղաղության պայմանագրում չկա կետ ռազմագերիների վերադարձի մասին, Չախոյանը պատասխանեց. «Որովհետեւ խաղաղության պայմանագիրը ինքնին ենթադրում է, որ ռազմագերիները պետք է վերադառնան։ Պետք չի այդ կետը հատուկ շեշտել, որովհետև պարզ տրամաբանությունը արդեն իսկ հուշում է, որ այդ խնդիրը կլուծվի խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Բոլորի հետ հնարավոր է բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել և իրականացնել»։
Տարոն Չախոյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի հետ թշնամության, նշելով․ «Ի՞նչ եք առաջարկում, մենք շարունակենք դարավոր թշնամություն անե՞լ մեր հարևանների հետ, ինչ-որ մի պահի այդ հարաբերությունները պետք է կարգավորվե՞ն, թե՞ ոչ»։
Նա նշեց, որ կիսում է տեսակետը, որ Ադրբեջանն է թշնամություն անում, սակայն հավելեց, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի և Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։
Չախոյանը նկատեց, որ խաղաղության պայմանագրի տակ ստորագրելու է նաեւ Ադրբեջանը, այսինքն պարտավորություն ու պարտականություն է ստանձնելու։
Հարցին՝ ո՞վ է երաշխավորը լինելու այդ պայմանագրի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը։ Նոյեմբերի 9–ի փաստաթուղթն եք մատնանշում։ Այդ փաստաթղթի տակ կար նաև երրորդ կողմի ստորագրությունը, և ինչ եղավ, բոլորս տեսանք։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը իր ստանձնած բոլոր պարտավորություններն ու պարտականությունները կատարում էր»։


