Ի գիտություն ենք ընդունում ցանկացած ընտրության արդյունք. Ռուբինյանը՝ Գյումրիի ՏԻՄ ընտրության արդյունքների վերաբերյալ
Այսօր խորհրդարանում լրագրողները հարցեր ուղղեցին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին՝ հետաքրքրվելով՝ իշխող ուժին արդյոք մտահոգո՞ւմ են Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Ի պատասխան՝ Ռուբինյանը առաջարկեց ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ մի քանի փաստ վերհիշել:
Նա հիշեցրեց՝ 2021-ին տեղի ունեցած Գյումրիի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել ԱԺ ընտրություններից մի քանի ամիս անց, և այդ՝ 2021-ի ընտրություններին ՔՊ կուսակցությունը զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ 2025-ին ՔՊ-ն առաջին տեղում է իր հավաքած 36 տոկոսով:
«Այնուամենայնիվ, ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ դեպքում Գյումրիում ՔՊ-ին մեծամասնություն վերցնել չի ստացվել, և դա մենք ընդունում ենք ի գիտություն, ինչպես և ի գիտություն ենք ընդունում ցանկացած ընտրության արդյունք՝ իր դրական և բացասական կողմերով:
2026 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը, որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը:
Հարցին ի պատասխան՝ կա՞ որոշում՝ առաջադրվելո՞ւ է արդյոք ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը վաղը Գյումրիում կայանալիք ավագանու առաջին նիստում, արդյոք ՔՊ խմբակցությունը մասնակցելո՞ւ է նիստին, Ռուբինյանն ասաց՝ կարծում է՝ որոշման վերաբերյալ Գյումրու ավագանու խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ: