ՀՅԴ–ի փակումը իրավական պրոցես է. դրա համար պետք է իրավական բազա կուտակվի. Փաշինյան
ՀՅԴ–ի մասով հարցը երկու մաս ունի՝ իրավական և քաղաքական։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ից հնչել է կարծիք, որ պետք է փակել ՀՅԴ–ն Հայաստանում։
«Քաղաքական գնահատականը քաղաքական է, բայց կուսակցության փակումը իրավական պրոցես է եւ իրավական որոշումների տիրույթում է։ Եթե այդպիսի իրավական բազա կկուտակվի կամ կպարզվի, որ կա կուտակված իրավական բազա, դա իրավական խնդիր է»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ՔՊ–ն փոփոխությունների փուլում է եւ կուսակցությունում մնալու են միայն ակտիվ գործիչները, վարչապետն ասաց. «Մեր կուսակցությունն ակտիվ տեղ է եւ միշտ է եղել այդպիսին։ Կուսակցությունում մնում են այն մարդիկ, որոնք ուզում են մնալ եւ ում կուսակցությունից հեռացնելու հիմքեր չկան։ Կուսակցությունը հարթակ է, որտեղ մարդիկ քաղաքական գործունեություն են ծավալում։ Նաև կա առողջ ներկուսակցական մրցակցություն, որը միշտ է եղել։ Դա համարել ենք կուսակցության առողջության գրավական։ Չեմ բացառի, որ երբեմն անառողջության դրսեւորումներ էլ են լինում, բայց բոլորս մեր կյանքում ունենում ենք այդպիսի իրավիճակներ։ Մենք ուզում ենք, որ ՔՊ–ն լինի մրցունակ, ժողովրդավար, արդար, առավել եւս ընտրություններին ընդառաջ»։


