երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
ՀՅԴ երիտասարդները Փաշինյանի «դաչա»-ի մոտ ակցիա են անցկացնում՝ ուղիղ

ՀՅԴ երիտասարդները Փաշինյանի «դաչա»-ի մոտ ակցիա են անցկացնում՝ ուղիղ

ՀՅԴ-ական երիտասարդները Երեխաների պաշտպանություն միջազգային օրվա կապակցությամբ բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարական ամառանոցների մոտ։

Բողոքի ակցիայի մասնակից Պետո Սարոյանի խոսքով՝ այսօր աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության օրը, բայց Հայաստանում սա տոն չէ։

«Սա հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաները եւ որքան անկարող է մեր պետությունը պաշտպանելու նրանց։ Մեր երեխաները խաղալու փոխարեն վախով են մեծացել։ Նրանց մանկությունը խեղվել է։ Նրանք չեն ապրում երազանքներով, այլ ապրում են վախով։ Սա տոն չէ։ Սա մեզ համար ամոթ է։ Բայց մենք չենք կորցրել հույսը։ Մենք հավատում ենք, որ մի օր կկառուցենք այն երկիրը, որտեղ երեխաների մանկությունը կանցնի խաղաղ ու ազատ հպարտ, հզոր բանակով ու պետականությամբ։ Իշխանությունը խոսում է իրավունքներից, բայց չի ապահովում անվտանգություն։ Ո՞ւր է պետությունը, երբ մանուկը կորցնում է իր տունը, հորը, դպրոցը եւ հույսը։ Երեխաները պետք է ապրեն խաղաղ, ոչ վախով ու խուճապով», - նշեց նա։

Սարոյանը շեշտեց, որ երեխաները պետք է ապրեն լիարժեք ընտանիքում։

«Սա է պետության գլխավոր պարտքը նրանց հանդեպ։ Ով չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, պետք է հեռանա։ Ով թույլ տվեց, որ մեր մանուկների մանկությունը կոտրվի, պետք է պատասխան տա։ Մենք չենք ներելու թուլությունը, կործանումը, դավաճանությունը։ Մենք տեսնում ենք Հայաստան, որտեղ երեխան ապահով է իր հարկի տակ, վայելում է ծնողների ներկայությունն ու սերը, պատերազմի ճիրաններում չի պայքարում կյանքի ու մահվան կռվում», - ասաց նա։

  • Կիսվել: