կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հույս ունեմ, որ ոչ մի դատավոր այդ «մեկնած ձեռքը» չի սեղմի. Տարոն Սիմոնյան

Հույս ունեմ, որ ոչ մի դատավոր այդ «մեկնած ձեռքը» չի սեղմի. Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող խմբակցությունը կարողանում է բոլոր նախագծերին քվեարկել այնպես, ինչպես ձեռնտու է կառավարությանը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներին ևս Զինվորների ապահովագրության հիմնադրամից գումար հատկացնել, սակայն առանց որևէ հիմնավորման խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց՝ դրանով արտահայտելով կառավարության դիրքորոշումը։

Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքին՝ մասնավորապես հարցին, թե ինչու իրենց խմբակցությունը դեմ քվեարկեց օրենքի նախագծին, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենք դեմ են անձերի դեմ պայքարի սկզբունքին. «Եթե Հրայր Թովմասյանը որևէ օրենք խախտի, ապա կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են դրանով զբաղվել»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ պետական մարմինների իրավասությունները հասարակությունը ճիշտ չի ընկալում։ Ուստի դրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում պետական ինստիտուտների իրավասությունները կամ ուռճացվում են, կամ՝ չափից շատ նեղացվում։

«Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է, նրա նախագահը ընդամենը 1 ձայն ունեցող դատավոր է։ Նա իրավունք չունի իր կամքը պարտադրել մյուս դատավորներին, և ես վստահ եմ, որ մյուս դատավորները որևէ ձևով իրենց կաշկանդված չեն զգում՝ Հրայր Թովմասյանի կամքով։ Եթե խնդիրը մեկ դատավորի կամքի հարցի լուծումն է, ապա որքանով է մեր քաղաքական ժամանակը քիչ թանկարժեք այդ մարդու հետ կապված նման բուռն քննարկումներ կազմակերպելու համար»,- ընդգծեց նա։

Տարոն Սիմոնյանի խոսքով, անհարկի չափազանցացվել է ՍԴ նախագահի դերը, և նախագիծը միայն նրա հարցը լուծելու համար է բերվել, ինչը որևէ տրամաբանական կապ չունի նպատակների հետ, որոնք ներկայացնում է քաղաքական իշխանությունը։

«Ավելին, քաղաքական իշխանությունը ամեն հնարավոր առիթով նշում է՝ դատական համակարգի բարեփոխումներով է զբաղվում։ Այո, տնտեսական զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը դատարանների անարդյունավետ աշխատանքն է։ Եվ դատական համակարգը նեղացնել և ՍԴ մեկ դատավորով պայմանավորել նրա անարդյունավետ աշխատանքը, կարծում եմ, որ սա քաղաքական մանիպուլյացիա է»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։

Ըստ նրա, եթե կար գումար, ապա դրա համար պետք էր դատական համակարգում դատավորների թվաքանակն ավելացնել, մինչդեռ բազմիցս մերժվել է այդ գաղափարը՝ այն պատճառաբանությամբ, թե բյուջեում գումար չկա։

«Սպասում են, որ Եվրամիությունից կամ այլ միջազգային կազմակերպությունից գումար տան դատավորների ավելացման համար, մինչդեռ մեր եղած գումարը մենք բաժանում ենք անխնա, ինչ է թե մեկ դատավոր գնա թոշակի: Դա տրամաբանական չէ»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է՝ իրենք ձեռք են մեկնում ՍԴ դատավորներին՝ պատվով հեռանալու համար, Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Թող ձեռք մեկնեն իրենց հաշվին, ոչ թե ՀՀ հարկատուների հաշվին: Հասկանում ենք, որ քաղաքացիներն ընտրել են այս քաղաքական մեծամասնությանը, բայց նրա առջև դրել են խնդիր ոչ թե իր գրպանի հաշվին թոշակի ուղարկեն նախկին ռեժիմից դատական համակարգում մնացած անձանց, այլ որ հեղափոխության գաղափարական արժեհամակարգերն իջեցնեն մինչև այդ նույն քաղաքացիներ»,- ասաց Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ ոչ մի դատավոր այդ «մեկնած ձեռքը» չի սեղմի։

 

 

  • Կիսվել: