ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հույս ունենք եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների միջոցով. Լավրովը՝ եռակողմ բանակցությունների արդյունքների մասին

Հույս ունենք եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների միջոցով. Լավրովը՝ եռակողմ բանակցությունների արդյունքների մասին

Պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական փորձագետների միջև երկրորդ «ուղով»: Մենք նաև հույս ունենք (այսօր մենք դա առաջարկել ենք) եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների միջոցով։ Այս մասին, խոսելով Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունների արդյունքի մասին, ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը կշարունակվի․ «Մենք հասկանում ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի շահագրգռվածությունը միջնորդներ օգտագործել ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, բայց նաև այլոց։ Մենք ողջունում ենք նրանց ցանկությունը, որոնք անկեղծորեն շահագրգռված են օգնելու Բաքվին և Երևանին համաձայնագրեր գտնելու հարցում, որոնք մեզ նման աշխատում են այս ուղղությամբ։ Բայց չպետք է փորձեր արվեն արհեստականորեն որոշակի պայմանավորվածություններ պարտադրել՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»։

ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է, որ կշարունակեն «եռանդուն աշխատանքը» հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, ներառյալ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ևս մեկ գագաթնաժողով անցկացնելու ծրագրերը։

 

  • Կիսվել: