ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ մոնիթորինգային առաքելությունը Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք չի տալիս. Փաշինյան

ԵՄ մոնիթորինգային առաքելությունը Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք չի տալիս. Փաշինյան

Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն և մտադիր է իր հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ։ Այս մասին Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած ՛՛Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները՛՛ խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, կարևորելով ԵՄ մոնիթորինգային առաքելության ուղարկումը Հայաստան, նկատեց, որ դրանից հետո հասարակության կարծիքը, պատկերացումները ԵՄ-ի նկատմամբ բարելավվել են։

՛՛Դյուրին որոշում չէր Եվրամիության մոնիթորինգային առաքելություն Հայաստան հրավիրելը, որովհետև դա անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, կարող է նոր մարտահրավերներ առաջացնել: Մյուս կողմից՝ մեզ համար շատ կարևոր է  պահպանել միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, քանի որ Ուկրաինայի իրադարձություններից հետո միջազգային ուշադրությունը գրեթե ամբողջությամբ սևեռվել է Ուկրաինայի վրա, և դա նաև առիթներ է ստեղծում մեր տարածաշրջանում անկայունության համար՛՛,- հավելեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է։ ՛՛Եվ մենք հույս ունենք ԵՄ-ից ավելի շատ աջակցություն ստանալ բարեփոխումների ճանապարհին՛՛,- նշեց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Եվրամիությունը ֆինանսական մեծ աջակցություն է նախատեսել Հակաստանի համար, ինչը մեծ ազդեցություն կունենա ինստիտուտների կայացման, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման գործում։



 

  • Կիսվել: