երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հույս ունեմ՝ այն ամենը, ինչ տեսաք այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ. ԱԳ փոխնախարարը՝ դեսպաններին

Հույս ունեմ՝ այն ամենը, ինչ տեսաք այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ. ԱԳ փոխնախարարը՝ դեսպաններին

Այսօր մենք հնարավորություն ունեցանք հետեւելու իրավիճակի այն հատվածին, որը վերաբերում է հումանիտար բեռների՝ Լաչինի միջանցքով անխափան անցման  անհնարինությանը: Այս մասին, այսօր Գորիսում Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Բայց իրական ճգնաժամը շարունակում է ահագնանալ Լեռնային Ղարաբաղում: ԼՂ 120 հազար բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած, արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Սա ուղեկցվում է հումանիտար լրջագույն խնդիրներով: Արդեն մի քանի ամիս է, որ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից խափանված է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացրել տեղում: Արդեն տեւական ժամանակ է, որ ԼՂ-ում կա սննդի, դեղորայքի  լրջագույն պակաս: Բառացիորեն բոլոր իրավունքները, որ մարդիկ պետք է ունենան, այս պահին շարունակվում են ոտնահարվել ԼՂ-ում՝ սկսած կյանքի իրավունքից, կրթության իրավունքից, որակյալ կրթություն ստանալու իրավունքից: Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել: Դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը՝ փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը, որը ժամ առ ժամ ահագնանում է ԼՂ-ում»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքով, այս 7 ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային կոչերին՝ բացելու Լաչինի միջանցքը, այլեւ բացառիկ արհամարհանք է դրսեւորում ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից հրապարակված փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի վճիռների նկատմամբ, համաձայն որի Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների եւ բեռների երկկողմանի անարգել երթեւեկությունը, ճիտը այնպես, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ,. Որի տակ դրված է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

«Հետաքրքրական է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը Ադրբեջանը բացատրում էր նրանով, որ Լաչինի միջանցքը ըստ իրենց բաց էր, որպես ապացույց ներկայացնելով ռուս խաղաղապահ զորախմբի եւ Կարմիր Խաչի այն հատուկենտ մեքենաները, որոնք անցնում էին Լաչինի միջանցքով մինչեւ հուլիսի 15-ը: Իսկ հունիսի 15-ից հետո ամբողջությամբ դադարեցված է երթեւեկությունը: Սա էլ ավելի է խորացնում հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում: ՀՀ-ի կողմից ուղարկված հումանիտար բեռներով լի բեռնատարները, որ տեսաք քիչ առաջ, ուղղակի ապացույցն են նրա, որ Ադրբեջանի նախկին հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է, իրականության հետ որեւէ աղերս չունեն:

Դուք տեսել ու ծանոթացել եք Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին օրերին արվող հայտարարություններին, որոնք շատ դժվար կլինի կառուցողական համարել: ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի ղեկավարության կողմից եւ այն գործողությունները, որ տեսնում ենք նրանց կողմից, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ԼՂ-ում ապրող ժողովրդի համար ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի ԼՂ-ում էթնիկ զտումների: կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որեւէ կերպ ընդունելի լինել չի կարող: Հույս ունեմ, որ այն ամենը, ինչ տեսաք այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ, եւ մենք հույս ունենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով ու գործողություններով, ինչը թույլ կտա օր առաջ, ժամ առաջ ապաշրջափակել ու բացել Լաչինի միջանցքը:

 

  • Կիսվել: