Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած՝ կհավաքվենք Բաղրամյան պողոտայում. Բագրատ Սրբազանը ցանկանում է վերադասավորել Շարժումը
Վաղվանից Բաղրամյան փողոցի մեր այս ավանը պետք է դուրս գա, որովհետև մեր 4-օրյա գործընթացն ավարտված է։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանկ հայտարարեց Տավուշը հանուն հայրենիքի շարժման առջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք պետք է հանդիպենք տարբեր քաղաքական ուժերի հետ։ Ես ուզում եմ մեր ամբողջ Շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և Շարժումը հասցնել հաղթական ավարտի:
Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ, ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև։
Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող՛՛,-նշեց նա։
Դիմելով ներկաներին՝ Բագրատ Սրբազանը հավելեց. ՛՛Ժողովուրդ ջան, կարող էի հայտարարել՝ ինչ արել ենք միասին, հրաշալի է, մի քանի հատ էլ բարձր ձևակերպումներ տալ ու ասել՝ թողեք ես գնամ։ Բայց չէ՛, այդ պատասխանատվությունը վերցրել ենք ու մինչև վերջ էլ պետք է տանենք։ Այդ պատասխանատվությունը ոչ միայն հավաքական է, այլև պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ովքեր անհատապես հավատացել են շարժմանը, թողել են ամեն բան ու ներգրավվել ամբողջովին՛՛։
Նա նաև ասաց, որ հունիսի 17-ին դարձյալ հավաքվելու են Բաղրամյան փողոցում:
՛՛Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ։ Այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստը՛՛,-նշեց Բագրատ Սրբազանը։