կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունաստանում անցկացած վեհաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը դատապարտող հայտարարություն է ընդունվել

Հունաստանում անցկացած վեհաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը դատապարտող հայտարարություն է ընդունվել

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ հոբելյանական գլխավոր վեհաժողովը, որը կրում էր «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30 տարիները. նոր մարտահրավերների և նոր հեռանկարների առջև» խորագիրը:

Վեհաժողովի ավարտին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի առաջարկությամբ նիստի մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում դատապարտվում էր նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հրաչյա Հակոբյանը: Վեհաժողովին մասնակցել են 19 երկրների խորհրդարանների պատվիրակներ և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սիսակ Գաբրիելյանը մասնակցել է վեհաժողովին նախորդած միջազգային քարտուղարության փակ նիստին, որտեղ քննարկվել են կազմակերպության հետագա գործունեության հետ կապված հարցեր:

Վեհաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, շնորհավորելով կազմակերպության հիմնադրման 30-ամյակը, բարձր է գնահատել վերջինիս դերը միջկրոնական հակասությունների հաղթահարման և միջկրոնական երկխոսության խորացման գործում: Նա կարևորել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի դերը նաև տարբեր երկրների խորհրդարանականների համար համագործակցության բացառիկ հարթակ ստեղծելու գործում, որը նպատակ ունի պաշտպանել քրիստոնյաների կրոնական իրավունքներն ու ազատությունները և առաջ մղել խաղաղության քաղաքականություն: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է նաև Արցախի շրջափակմանը, վերջինիս նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների գրավմանը և Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, մանրամասն ներկայացրել հունիսի 23-ին ԵԽԽՎ ընդունած բանաձևից, խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններից:

  • Կիսվել: