կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունաստանն արձագանքել է Էրդողանի հոխորտանքներին

Հունաստանն արձագանքել է Էրդողանի հոխորտանքներին

Հույն բարձրաստիճան պետական պաշտոնյաներն արձագանքել են նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հունաստանի հասցեին արված սպառնալից հայտարարություններին, գրում է ermenihaber.am-ը։

Հունական կողմը նշել է, որ Էրդողանի ելույթն ավելի է սրել առանց այդ էլ երկու երկրների հարաբերություններում առկա նկատելի լարվածությունը:

Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք սպառնալիքներին պատասխանում են հանդարտ վճռականությամբ։

Իսկ պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն ավելի կոշտ է արձագանքել Էրդողանի հոխորտանքներին՝ նշելով, որ իր երկիրը մինչև վերջ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքները։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել այն, կզղջան դրա համար:

Թուրքիայի նախագահի հռետորանաբությանն անդրադարձել է նաև Հունաստանի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը: Նա մասնավորապես ընդգծել է, որ բոլորի առջև ծառացած տնտեսական ճգնաժամի մարտահրավերի դեմ լավագույն պայքարի միջոցը ծայրահեղ ազգայնակությունը չէ:

Հիշեցնենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններն ավելի են սրվել Էրդողանի վերջին հայտարարություններից հետո: Սկզբում նա ասել էր, որ իր համար այլևս Միցոտակիս անունով մարդ գոյություն չունի, ապա սպառնացել էր հետևյալ խոսքերով. «Մենք Հունաստանին հրավիրում ենք զերծ մնալ այնպիսի քայլերից, որի համար հետո կափսոսան, ինչպես դա եղավ մեկ դար առաջ: Ուշքի՛ եկեք: Թուրքիան չի վարանի օգտվելու միջազգային համաձայնագրերով իրեն տրված իրավունքներից: Ես կատակ չեմ անում, ես լուրջ եմ խոսում»:

  • Կիսվել: