չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հումանիտար ոլորտում պետությունների համագործակցությունը պետք է իրականանա ողջ ծավալով. պատգամավոր

Հումանիտար ոլորտում պետությունների համագործակցությունը պետք է իրականանա ողջ ծավալով. պատգամավոր

 ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարևորում է հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո հումանիտար ոլորտում պետությունների համագործակցության ամբողջ ծավալով իրականացումը:

Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ վերջին 1 տարում հայկական կողմը Արցախի առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին է փոխանցել Ադրբեջանին՝ առանց նախապայմանների:

«Մարդասիրական քայլերը սակարկության որևիցե տեղ չպետք է թողնեն: Այսինքն՝ հումանիտար ոլորտում պետությունների համագործակցությունը՝ հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո, պետք է իրականանա ամբողջ ծավալով: Անհետ կորածների պարագայում մենք մի հարց ենք բարձրացնում բոլոր միջազգային հարթակներում: Խոսքը բռնի անհետացման դեպքերի մասին է, երբ առկա է վիդեոնյութ կամ ֆոտոնյութ, երբ մեր զինվորները գերեվարվել են, բայց դեռևս չեն ստացել գերու կարգավիճակ, այնուհետև այդ անձանց վերաբերյալ ինֆորմացիան կորել է»,-ասաց Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ նաև իր ջանքերով ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևերից մեկում, որը վերաբերում է  բռնի անհետացմանը, հատուկ դրույթ է նախատեսվել, որ այն դեպքերում, երբ զինվորը գերեվարվում է, բայց դեռ չի ստանում ռազմագերու կարգավիճակ, պետք է ամբողջությամբ պաշտպանվի, և բռնի անհետացումներն անընդունելի են: Պատգամավորը վստահեցրեց, որ շարունակելու են այդ ուղղությամբ խոսել բոլոր միջազգային հարթակներում: Վարդանյանը նշեց, որ դա համարվում է հանցագործություն՝ պետությունների մեծամասնության քրեական իրավազորության շրջանակներում:

Նա նշեց՝ կա անհետ կորած անձանց որոշակի խումբ, որոնց ճակատագիրը պետք է պարզել, և բոլոր ջանքերը պետք է գործադրվեն այդ ուղղությամբ: «Անձի ճակատագիրը, գտնվելու վայրը, իր հետ կատարվածը պետք է հասանելի լինի նախևառաջ իր ընտանիքին, հարազատներին»,-շեշտեց պատգամավորը:

  • Կիսվել: