երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հստակ պահանջ ներկայացրե՛ք Ադրբեջանին՝ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին. Մարուքյանի կոչը միջազգային հանրությանը

Հստակ պահանջ ներկայացրե՛ք Ադրբեջանին՝ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին. Մարուքյանի կոչը միջազգային հանրությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես է եկել կոչով, որը նեկայացնում ենք ստորև.

«2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի վերջին երկու բանտարկյալներին, ովքեր դիվերսիայի արդյունքում սպանել էին խաղաղ հայ բնակիչների, իսկ Ադրբեջանը Հայաստանին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և իր բանտերում պահվող 32 հայ ռազմագերիներին։

Այս ողջ գործարքի նպատակն իրականում Ադրբեջանի համար այն էր, որ հայ ռազմագերիների փոխանակման դիմաց Հայաստանն ինքնակամ հրաժարվի COP29 կլիմայի գագաթնաժողովի անցկացման իր թեկնածությունից:

Սա Ադրբեջանի կողմից մարդու առևտրի ակներև դեպք է, որին Հայաստանը համաձայնել է ճարահատյալ։ Սա ոչնչով չի տարբերվում ահաբեկիչների կողմից պատանդներ վերցնելու և նրանց փոխանակման դիմաց պայմանները պարտադրելու դեպքից։ Մնացածը պարզապես լիրիկա է։

Շուտով COP29 գագաթնաժողովը տեղի կունենա տարածաշրջանի ամենաավտորիտար երկրում, որն ունի քաղաքական բանտարկյալներ և մարդու իրավունքների խախտումների ամենավատ ցուցանիշները, և այդուհանդերձ նրանք շարունակում են իրենց հանցավոր գործողությունները՝ նսեմացնելով մարդկային արժանապատվությունը և առևտրի հանելով մարդկային կյանքերը։

Փոխանակ միջազգային հանրությունը դատապարտեր Ադրբեջանին՝ մարդկանց առևտրի այս խայտառակ դեպքի կապակցությամբ, սկսեց ողջունել այս քայլը և միայն հետո հասկացավ, որ Ադրբեջանն իր բանտերում դեռ պահում է 23 հայ ռազմագերիների, մեկ այլ թեմայով նրանց վաճառելու նպատակով։

Հաշվի առնելով վերը նշվածը, ես կոչ եմ անում՝

▪️Միջազգային հանրությանը,
▪️ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը և գործադիր քարտուղար Սայմոն Սթիլին
▪️COP29-ին մասնակցելու հայտ ներկայացրած
բոլոր պետությունների պատվիրակություններին.

հստակ պահանջ ներկայացրե՛ք Ադրբեջանին՝ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին, և այնուհետ միայն որոշե՛ք ձեր մասնակցության հարցը COP29-ին Բաքվում։

Խնդրում եմ միացե՛ք այս կոչին և տարածե՛ք ձեր գործընկերների շրջանում:

Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիներին»:

  • Կիսվել: