երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հռոմի ստատուտի վավերացմամբ ՀՀ-ն պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու գործընթաց կսկսի

Հռոմի ստատուտի վավերացմամբ ՀՀ-ն պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու գործընթաց կսկսի

Իրավական ի՞նչ գործընթաց կսկսի ՀՀ-ն Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո. հարցը քննարկվել է ԱԺ-ում

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ-ի՝ հոկտեմբերի 3-ի նիստին ներկայացրեց «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ):

Հիմնական զեկուցողը նախ ներկայացրեց կանոնադրության ընդունման նախապատմությունը՝ հիշեցնելով, որ Միջազգային քրեական դատարանը կանոնադրությունն ընդունել է 1998-ին Հռոմում, այն ուժի մեջ է մտել 2002-ի հուլիսի 1-ից: 123 պետություն այս պահին անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը:

ՀՀ-ն կանոնադրությունը ստորագրել է դեռ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, որից հետո վավերացման գործընթացը կասեցվել է, քանի որ 2004-ին ՍԴ-ն կանոնադրության մեջ ամրագրված որոշ պարտավորություններ ճանաչել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող:

Վավերացման համար քննարկումներն սկսվել են 1 տարի առաջ, երբ ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, և կատարվեցին նաև ծանրագույն պատերազմական հանցագործություններ ՀՀ տարածքում: Այդ պահից սկսած՝ կրկին սկսվեցին կանոնադրության վավերացման քննարկումները: Արդյունքում 1998-ին ընդունված Հռոմի կանոնադրությունը Կառավարության կողմից հավանության արժանացավ 2022-ի դեկտեմբերի 29-ին, որից հետո այն ներկայացվեց ՍԴ՝ քննարկելու վերջինիս՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը:

ՍԴ ներկայացնելու հիմքն այն էր, որ 1995-ի Սահմանադրությունը կանոնադրության հակասահմանադրական ճանաչվելուց ի վեր 2 անգամ ենթարկվել էր լայնածավալ փոփոխությունների: Կարիք կար նաև վերստին գնահատելու վերջինիս սահմանադրականության հարցը: Արդյունքում ՍԴ-ն 2023 թվականի մարտի 24-ին կայացրեց որոշում, համաձայն որի՝ Սահմանադրությանը համապատասխանում են կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները:

Եղիշե Կիրակոսյանը նաև հիշեցրեց, որ ՍԴ ներկայացվել էր ոչ միայն վավերացման նախագիծը, այլև իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու նախագիծը, այն է՝ ՍԴ-ն ներկայացրածը քննարկել է ամբողջական փաթեթով:

«ՄՔԴ-ն քննություն է իրականացնում ծանրագույն միջազգային հանցագործությունների վերաբերյալ, և նպատակն է ՄՔԴ-ի պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարած անձանց: Կոնկրետ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մասին, ցեղասպանության հանցագործության մասին»,- ասաց Կիրակոսյանը, ապա հիշեցրեց, որ կանոնադրության տեքստը փոփոխության է ենթարկվել 2010-ին Կամպալայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, ինչի արդյունքում նոր հանցակազմ է ավելացվել դատարանի առարկայական իրավազորության տիրույթում, այն է՝ ագրեսիայի հանցագործությունը: Ըստ Կիրակոսյանի՝ այս պահին նպատակը մինչև Կամպալայի փոփոխությունները վավերացնելու հարցն է:

«Նպատակը հիմնականում միտված է Ադրբեջանի կողմից իրականացված կամ ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն, ինչպես նաև, հուսով ենք, որ վավերացման քայլով այն կունենա նաև էական, կանխարգելիչ ազդեցություն ՀՀ տարածքում նմանատիպ ծանր հանցագործությունների կատարումը բացառելու և կանխարգելելու նպատակով»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ պոստսովետական երկրներից որո՞նք են վավերացրել կանոնադրությունը: Եղիշե Կիրակոսյանը մանրամասնեց, որ 2004-ին Վրաստանն է վավերացրել, իսկ 2002-ին՝ ՀԱՊԿ ու ԱՊՀ անդամ Տաջիկստանը:  

ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն արձագանքեց ելույթին՝ նախ ընդգծելով, որ կանոնադրության վավերացումը Հայաստանի համար միջազգային հարաբերություններում հարաբերվելու փաստաթուղթ է լինելու, ապա խնդրեց Եղիշե Կիրակոսյանին ներկայացնել, թե ինչ պետք է ՀՀ քաղաքացին ակնկալի վավերացումից:

Եղիշե Կիրակոսյանը նկատեց՝ հանրության կողմից ակնկալիք կա, որ կանոնադրության վավերացումից հետո միանգամից արդյունքներ ենք ստանալու, և Ադրբեջանն անմիջապես սկսելու է կատարել որոշումները:

«Բայց, ցավոք սրտի, դա իրականում չի կարող տեղի ունենալ, որովհետև միջազգային դատարանների տրամաբանությունն այլ է, քան մեր, պետական դատարաններինը»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ սրանով կանխարգելիչ տեսանկյունից լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվում ՀՀ-ի համար: Խոսքը վերաբերում է հատկապես ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն:

Հայաստանը 20 տարի ուշացել է այս փաստաթուղթը վավերացնելու առումով: Հռոմի ստատուտի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել կանոնադրության վավերացմանը:

Նշենք, որ Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը քննարկելիս ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները դահլիճում չէին:

  • Կիսվել: