հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հրապարակ». «Իմ քայլում» լարված իրավիճակ է. ովքեր հրաժեշտ կտան մանդատներին

«Հրապարակ». «Իմ քայլում» լարված իրավիճակ է. ովքեր հրաժեշտ կտան մանդատներին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում արշալույսները չեն խաղաղվում։ Ներթիմային «ռազբորկաները» լանզարոտյան կոնվենցիայի քվեարկությունից հետո նոր շունչ են ստացել։ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ պատգամավորները համատեղ ջանքերով պահն ուզում են օգտագործել իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Աթաբեկյանին մանդատից զրկելու համար։

Հիշեցնենք, օրեր առաջ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ մի խումբ պատգամավորներ հրաժեշտ են տալու իրենց մանդատներին, առաջին շարքերում Վարդան Աթաբեկյանն է, ով, սակայն, հայտարարել էր, որ ոչ մի պարագայում մանդատից չի հրաժարվելու։ Մի քանի օր է՝ տարբեր լրատվամիջոցներ գրում են, թե իշխանական ֆրակցիայի, այսպես կոչված, «անհնազանդ» պատգամավորների բանակը մեծանում է, եւ որպեսզի իշխանության դիրքերը չսասանվեն, շուտով անհնազանդներին կանգնեցնելու են ահեղ դատաստանի առջեւ։

Նիկոլ Փաշինյանը որոշել է չներել նրանց, ֆրակցիայում «չիստկա» է սպասվում։ Խմորումները մեծ լարվածություն են առաջացրել թիմում, հեռատես պատգամավորները մտահոգություններ ունեն, որ շուտով «սալյուտն» իշխանության ներսում են խփելու՝ խորհրդարանական ֆրակցիայում։

Այս պատմությունը խորը արմատներ ունի, շաբաթներ առաջ մենք անդրադարձել էինք դրան։ Գրել էինք, որ էրեբունցի պատգամավոր Աթաբեկյանը որոշել է ամիսներ առաջ պաշտպանել իր շիրակցի գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի թասիբը եւ քաղաքապետի խոսնակին կոշտ դիտողություն է արել ու դարձել նախ՝ Հայկ Մարությանի, ապա ողջ թիմի աչքի փուշը։ Պատգամավորը զանգել եւ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանին հորդորել էր հեռացնել Հովսեփյանին հասցեագրած վիրավորական քոմենթը՝ «թող մանդատն ուտի», ապա նաեւ ներողություն խնդրի, բայց քաղաքապետի խոսնակը ոչ միայն «ինքնահռչակ» էր անվանել պատգամավորին, այլեւ զրույցի վրա տասն էլ դրել ու ներկայացրել Մարությանին, վերջինս էլ իր խոսնակին արված դիտողությունն անձնական վիրավորանք էր ընդունել, հարցը ներկայացրել վարչապետին՝ «կա՛մ ես, կա՛մ՝ Վարդանը» վերջնագրով։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խմբակցության վերջին նիստերից մեկի ժամանակ բարձր տոնով սպառնացել էր՝ «անհնազանդները» տեղ չունեն խմբակցությունում, որ չի կարող լինել մի պատգամավոր, ով Երեւանի քաղաքապետին խորհուրդ կտա ինչ անել, ինչպես անել․․․

Աթաբեկյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում չհերքեց միջադեպի փաստը, միայն կցկտուր խոստովանեց, որ եղել է զրույց, բայց ինքը չի պատրաստվում մանդատը վայր դնել։ Բայց արի ու տես, որ թիմում ոմանք եւ հատկապես ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն ամեն ինչ անում են դրան հասնելու համար։ Սիմիդյանը դեռեւս անցած տարի տեղի ունեցած ընդհարումից հետո չի ներել Աթաբեկյանին, ում հետ խորհրդարանի միջանցքում քաշքշել էին իրար, իսկ դրանից հետո ընդհանրապես չէին շփվում իրար հետ, եւ որոշել է նրան դուրս մղել պառլամենտից։

Նա, ըստ ներսից ստացվող տեղեկությունների, նստել է վարչապետի ականջին եւ համոզում է, որ «անհնազանդների» պատճառով ֆրակցիայում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ամեն պահի կարող է թիմը մասնատվել, ուստի հարկավոր է ինչ-որ մեկին հրապարակավ պատժել՝ ի ցույց մյուսների, որ խորհրդարանական մեծամասնությունը հաջողվի պահպանել։ Եվ քանի որ թե՛ Վարդան Աթաբեկյանը, թե՛ Սոֆյա Հովսեփյանը չմասնակցեցին Լանզարոտեի կոնվենցիայի քվեարկությանը, չնայած ներկա էին նիստին, սա նոր առիթ է դարձել նրանց հարցը քննարկելու եւ պատժելու համար։

Իհարկե, նրանք միակը չէին իշխող թիմում, Սասուն Միքայելյանն էլ էր եկել նիստին, բայց չքվեարկեց աղմկահարույց նախագծին։ Բայց Սասունի թեման այլ թեմա է՝ նրան Փաշինյանը ձեռք չի տա․ նրա ետեւում մեծ թիմ է կանգնած, ինչպես հրազդանցիների, այնպես էլ երկրապահների։ Մեզ չհաջողվեց զրուցել Աթաբեկյանի հետ, իսկ Սոֆյա Հովսեփյանը փոխանցեց, որ «իր հարցն» իսկապես մնում է չլուծված, բայց, միեւնույն է, ինքը չի պատրաստվում մանդատը վայր դնել։ «Լուծված չէ, քանի որ հրապարակային ներողություն մինչ օրս այդպես էլ չլսվեց խոսնակի կողմից։ Այո, տեղյակ եմ, որ Վարդանը զրուցել է խոսնակի հետ, բայցեւայնպես, չեմ ուզենա որեւէ գործընկեր, մարդ ներգրավվի այդ հարցում, չեմ ուզենա թեկուզ էմոցիոնալ առումով թիրախավորվեն»,- ասաց Հովսեփյանը։

Որ Վարդան Աթաբեկյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել քաղաքապետի խոսնակի հետ, այդ մասին Հովսեփյանն իմացել է ուշ, այն բանից հետո, երբ թեման վարչապետի կողմից լավ եփվել է խմբակցության վերջերս կայացած նիստերից մեկում։ Հովսեփյանը, սակայն, ծիծաղելի է որակում «անհնազանդ պատգամավոր» բնորոշումը, ինքը միշտ է ունեցել իր տեսակետները եւ հանդուրժող է եղել այլ տեսակետների նկատմամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: