շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրահանգավորում են ունեցել թիրախավորել, սպանել, խոշտանգել քաղաքացիական բնակչությանը․ Արթուր Դավթյանը՝ 44-օրյա պատերազմում ներգրավված վարձկանների մասին

Հրահանգավորում են ունեցել թիրախավորել, սպանել, խոշտանգել քաղաքացիական բնակչությանը․ Արթուր Դավթյանը՝ 44-օրյա պատերազմում ներգրավված վարձկանների մասին

Քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ դեռևս 2020 թ-ի հունիս-հուլիս ամսիներից սկսված Սիրիայի հյուսիսային հատվածներից հայտնի ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ։ Այս մասին  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն հայտարարեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին նիստում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

 «Հավաքագրված վարձկանները Թուրքիա-Սիրիա պետական սահմանով անարգել,առանց վերահսկողության և ստուգման տեղափոխվել են Թուրքիայի տարածք, այնուհետև ինքնաթիռով՝ Ադրբեջան։ Ադրբեջանի տարածքում իրականացվել է նրանց, այսպես, կոչված, ռազմական պատրաստումը»,- նշեց նա։

Դավթյանի խոսքով, դատախազության իրականացրած աշխատանքը ահաբեկչության դեմ պայքարում կարևոր է նաև միջազգային հանրությանը այն ներկայացնելու տեսանկյունից․ «Մեր կողմից ձերբակալված սիրիացի վարձկանների ցուցմունքների մեջբերմամբ վարձկանները պատրաստություն են անցել հենց հատուկ, լեռնային հատվածներում մարտ վարելու համար։ Հրահանգավորում են ունեցել թիրախավորելու, սպանելու, խոշտանգելու բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,-ընդգծեց գլխավոր դատախազը։

Դավթյանը նշեց, որ դեռ պատերազմական գործողությունների ընթացքում է դատախազությունը հայտնել, որ մեր ԶՈՒ-երին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել 2 վարձկանների․ «Այդ անձինք արդեն դատապարտվել են, երկուսն էլ՝ ցմահ ազատազրկման։ Պատերազմական հանցագործությունների մասով այս պահին մենք ունենք քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական շուրջ 60 ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ»,- ասաց Դավթյանը։

«Նույնիսկ առաջին պահերից մենք հանդես եկանք հայտարարությամբ՝ դիմելով միջազգային հանրության բոլոր շահագրգիռ ներկայացուցիչներին, ովքեր ցանկության դեպքում կարող էին ձերբակալված, կալանավորված վարձականների հետ հանդիպել, ունենալ առանձնազրույցներ»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ նման շփումներ եղել են։

  • Կիսվել: