չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՄԱԿ-ի` վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը կայցելի Հայաստան

ՄԱԿ-ի` վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը կայցելի Հայաստան

Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երեւան եւ Սյունիքի մարզ։ Փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների եւ նրանց ներկայացուցիչների հետ: Աշխատանքային խումբը նախնական դիտարկումներով կկիսվի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա Երեւանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո խորհրդակցությունների սրահում: Մուտքը խիստ սահմանափակ է: Աշխատանքային խումբն իր եզրակացությունները եւ առաջարկությունները Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։

Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես որպես մարդու իրավունքների ոտնահարման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը ստեղծվել է 2005 թվականի հուլիսին այն ժամանակ Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: 2022 թվականին խմբի մանդատը լրացվեց Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Խումբը բաղկացած է հինգ անկախ փորձագետներից աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Նախագահող-զեկուցողն է պարոն Ռավինդրան Դանիելը (Հնդկաստան): Մյուս անդամներն են՝ տիկին Ելենա Ապարաքը (Խորվաթիա), պարոն Կառլոս Սալազար Կոուտոն (Պերու), պարոն Քրիս Կվաջան (Նիգերիա) եւ տիկին Սորչա ՄաքԼեոդը (Միացյալ Թագավորություն):

Աշխատանքային խմբերը Մարդու իրավունքների խորհրդի այսպես կոչված հատուկ ընթացակարգերի մաս են կազմում: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների ամենամեծ մարմինը, Խորհրդի անկախ փաստահավաք եւ մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը անդրադառնում է կամ երկրի կոնկրետ իրավիճակներին, կամ թեմատիկ խնդիրներին աշխարհի բոլոր մասերում: Հատուկ ընթացակարգերի փորձագետներն աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն եւ իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն ստանում։ Նրանք անկախ են որեւէ կառավարությունից կամ կազմակերպությունից եւ ծառայում են իրենց հնարավորությունների չափով:

  • Կիսվել: