շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը աշակերտներին բացատրել են, թե ինչ է Ազգային ժողովը, ինչ աշխատանքներ է տանում

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը աշակերտներին բացատրել են, թե ինչ է Ազգային ժողովը, ինչ աշխատանքներ է տանում

«Ազգային ժողովում են մշակվում եւ ընդունվում օրենքներ: Կարելի է ասել՝ այստեղ է ձեւավորվում մեր երկրի ապագայի գործունեության ծրագիրը»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արարատի մարզի Ոսկետափ համայնքի ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Կարեւորելով մանկավարժի մասնագիտությունը՝ Հակոբ Ասլանյանը նշել է, որ ուսուցիչներին պետք է ըստ արժանվույն գնահատել, եւ նրանց համար ստեղծել լավագույն պայմանները, որովհետեւ նրանք են կերտում ու դաստիարակում սերունդներին։
Հարցուպատասխանի ձեւաչափով տեղի ունեցած հանդիպման ընթացքում աշակերտները հետաքրքրվել են կրթական ոլորտում իրականացվող ծրագրերով եւ սպասվող փոփոխություններով։

Հակոբ Ասլանյանը տեղեկացրել է, որ, լինելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ակտիվ մասնակցում է ոլորտին ուղղված գրեթե բոլոր նախաձեռնություններին, քննարկումներին։ Նա կարեւորել է ակադեմիական ավանի ստեղծումը, ընդգծելով, որ բուհերի խոշորացումը հնարավորություն կընձեռի ստանալ համաշխարհային ստանդարտներին համապատասխան կրթություն, ինչի պակասը կա մեր երկրում։
Անդրադառնալով աշակերտի՝ դպրոցներում հոգեբանությունը որպես առարկա դասավանդմանը վերաբերող հարցին՝ պատգամավորն ընդգծել է, որ այն դրական կանդրադառնա թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների վրա։
Դպրոցականների հետ հանդիպել է նաեւ նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամն աշակերտներին պատմել է ԱԺ ամենածանրաբեռնված հանձնաժողովի գործառույթների մասին՝ ընդգծելով, որ իրենց վերահսկողության տիրույթում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են, մասնավորապես, հարկերը, տուրքերը, արդյունաբերությունը, քաղաքաշինությունը, էներգետիկան, տրանսպորտը, կապը, հեռահաղորդակցությունը, ինտերնետը։

Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով մարզերում երիտասարդության զբաղվածության խթանմանը միտված գործունեությանը վերաբերող հարցին, նշել է, որ պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը չձգտի գալ քաղաք, այլ նախընտրի մնալ մարզում, այնտեղի կյանքը զարգացնել, այնտեղ ապրել ու աշխատել։
Պատգամավորը տեղեկացրել է, որ հենց այդ միտումով 2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի օրենքն այլեւս չի գործելու: Հովիկ Աղազարյանը հավելել է, որ օրենքի նշյալ փոփոխության նպատակը մարզերում նորակառույց բնակարաններ ձեռք բերել ցանկացողների թիվն ավելացնելն է, ինչը կնպաստի մարզային կյանքի ակտիվացմանը եւ մայրաքաղաքի հետ համաչափ զարգացմանը։
Հյուրերը եղել են Ազգային ժողովի թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

 

  • Կիսվել: