կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հողը գնում է Ավինյանի ոտքերի տակից, որովհետեւ ՔՊ-ի ներսում չունի աջակցություն. Երիցյան

Հողը գնում է Ավինյանի ոտքերի տակից, որովհետեւ ՔՊ-ի ներսում չունի աջակցություն. Երիցյան

Հայաստանի պատմության մեջ երբեւէ որեւէ ընդդիմադիր խմբակցության ղեկավար չի զրկվել մանդատից իշխանության կողմից այս հիմքով: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը, որին քիչ առաջ ավագանին զրկեց մանդատից՝ բացակայությունների հիմքով:

«Ես արդեն նշեցի, որ այս հիմքը հակասահմանադրական է, հակաօրինական է: Այս որոշումը համարում ենք առոչինչ եւ դիմելու ենք դատարան»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է հենց ինքը հայտնվել թիրախում, Երիցյանը պատասխանեց. «Ինչպես տեսնում եք, ես պարոն Ավինյանի ամենամեծ ընդդիմախոսներից մեկն եմ: Այն բանից հետո, երբ մեր խմբակցության մյուս ղեկավարին (Հայկ Մարությանին-խմբ) հանեցին, փաստորեն նույնը անում են իմ նկատմամբ: Սա քաղաքական  հաշվեհարդար է: Չեմ կարծում, թե ավելի վերեւից է որոշումը: Սա Ավինյանի նեղ խմբակային որոշումն է: Ավինյանն այս պահին իրեն զգում է ոչ ապահով, հողը գնում է ոտքերի տակից, որովհետեւ ՔՊ-ի ներսում չունի աջակցություն: Ինձնից բացի հանում են նաեւ «Հանրային ձայնի«» երկու ընդդիմադիր անդամներին, որոնք անկախ են և չեն ենթարկվում Ավինյանին: Նպատակն է, որ ցուցակից գան այլ երկուսը, որոնք կանխիկով կվաճառվեն Ավինյանին, կմտնեն իր գրպանը:

Ես կարծում եմ՝ Տիգրան Ավինյանը ՔՊ կուսակցության մեջ նույնպես աջակցություն չունի: Այն քաղաքական կուրսը, որը վարում է Ավինյանը, վարչապետի սրտով չէ: Դա իմ սուբյեկտիվ գնահատականն է»,- հայտարարեց Գրիգորի Երիցյանը:

Նշենք, որ Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվում է ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նրանք երեքն էլ զրկվեցին մանդատից:

  • Կիսվել: