Սարյանի նկարները թանկ արժեն, հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկար ունեն. Արսենյանը՝ Թունյանին
Կարեւորագույն նախագիծը ներկայացնելիս մի բերեք հասարակության տարբեր սոցիալական խմբերին իրար հակադրելու հիմնավորումը: Այս մասին այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց, նույն խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Պետության մեջ բոլոր խմբերն իրենց կարեւոր դերակատարումն ունեն: Կարծում եմ՝ այս օրենքի ընդունումը պետք է ծառայի այլ նպատակների: Սոցիալական արդարության գաղափարախոսությունը, ճիշտ է, գրավիչ է, բայց արդյունավետ չի: Սոցիալական արդարությունը չի կառուցվում հարստությունը վերաբաշխելով, սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է, աղքատներին հաստացնելն է, ոչ թե հարուստներին աղքատացնելը»,-ասաց նա:
Ի պատասխան Թունյանն ասաց. «Եթե մենք սոցիալական քաղաքականություն ենք իրականացնում, պետք է նաեւ հստակ չափանիշներ լինեն: Երբ ես ասում եմ, որ մեկը ենթադրենք իր տանն ունի մի քանի տասնյակ հազար դոլարոնց նկար, մյուսը չունի, դա չի նշանակում, որ մեկը լավ մարդ է, մյուսը վատ: Դա նշանակում է, որ եթե պետությունը սոցիալական քաղաքականություն է իրականացնում, դա պետք է անի թիրախային, ոչ թե օրինակ, կովիդի ժամանակ օգնություն տրամադրեինք էլէներգիայի փոխհատուցման տեսքով, հետո պարզվեր, որ այդ օգնությունը ստացել են նաեւ դոլարային միլիոնատերերը»:
Գուրգեն Արսենյանն էլ հակադարձեց՝ նշելով․ «Պատին կախված նկարը, որը մարդուն օրինակ, նվեր են տվել, ու դա հետո թանկացել է, մոռացեք էդ նկարների մասին: Դա հաճելի օրինակ է, բայց չի արտացոլում այն խնդիրը, որը մեր հանրությանն այսօր մտահոգում է: Ուրախ եմ, որ Սարյանի նկարները թանկ արժեն, այլ նկարիչներ էլ կան, որոնց նկարները էլի թանկ արժեն: Հետո՞, հո մարդիկ կրակը չեն ընկել, որ իրենց տանը նկար ունեն»,-ասաց Արսենյանը:
Նշենք, որ Գուրգեն Արսենյանի՝ 2021թ․ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն ունի 16 միավոր թանկարժեք գույք, որից 3-ը՝ նկարների հավաքածու: Արսենյանի ունեցած միայն 3 նկարի արժեքը մոտ 533 մլն դրամ է:



