կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին․ Աղվան Վարդանյանը Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրեց 1998-ի նախագահական ընտրությունները

Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին․ Աղվան Վարդանյանը Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրեց 1998-ի նախագահական ընտրությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման հարցը քննարկելիս Գագիկ Ջհանգիրյանին հիշեցրեց, որ 1998 թվականին նախագահական ընտրություններին միասին սիրով են աշխատել։

«Այսօրվա պես հիշում եմ՝ 1998 թվական, նախագահական ընտրություններ․ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ԳԱԱ շենքում էր։ Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին։ Դուք ջանասիրաբար իրավական բլոկն էիք համակարգում։ Ջահել էինք, Դուք՝ 45, ես՝ 40 տարեկան։ Վաղը կամ մյուս օրը, երբ այս իշխանությունը փոխվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից միասին սիրով նույն գործին կծառայենք և կաշխատենք միասին», - ասաց պատգամավորը։

Գագիկ Ջհանգիրյանը դիվանագիտական հարցին փորձեց դիվանագիտորեն պատասխանել՝ «սիրով համագործակցության» հնարավորությունը չբացառելով։

«Ես կարծում եմ, որ մենք հիմա էլ կարող ենք միասին սիրով համագործակցել՝ իշխանությունը փոխվի, թե չփոխվի։ Հետո էլ կարող ենք էլի սիրով համագործակցել։ Ես էլ եմ լավ հիշում 1998 թվականը։ Էլի մանրամասներ եմ հիշում, բայց չեմ ուզում բարձրաձայնել», - ասաց Ջհանգիրյանը։

  • Կիսվել: