չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հիմա վայելում եմ ազատությունս․ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը՝ աշխատանքից ազատվելուց հետո

Հիմա վայելում եմ ազատությունս․ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը՝ աշխատանքից ազատվելուց հետո

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը ազատվել է աշխատանքից:

ՀԺ-ի հետ զրույցում արդեն նախկին պաշտոնյան վստահեցրեց, որ իր դիմումը կապ չունի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման հետ:

«Ոչ մի բանի հետ կապ չունի իմ որոշումը: Աշխատանքից ազատման զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ, որ բավարարեն, չէին բավարարում: Մայիսի 12-ից հրամանը եղել է, հիմա վայելում եմ ազատությունս»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Աղաջանյանը:

Հարցին, թե արդյոք բացի իրենից այլ պաշտոնյաներ ե՞ւս ազատվել են աշխատանքից, քննչական դեպարտամենտի նախկին պետն ասաց, որ մյուսներից տեղյակ չէ:

Խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե Քյարամյանի նշանակումից հետո խմորումներ են սկսվել ԱԱԾ-ում՝ Աղաջանյանը պատասխանեց. «Խժդժություն, խմորումներ զինվորական հիմնարկում ընդհանրապես չի լինում ու չկա: Բոլորս զինվորական ենք ու պետությանն ենք ծառայում: Ես ազատման դիմում գրել եմ, անցել եմ կենսաթոշակի՝ հաշվի առնելով աշխատանքի բերումով իմ լարված, ծայրահեղ լարված հոգեվիճակը: Ասացի բավական է՝ թող մի քիչ էլ երիտասարդներն աշխատեն»:

Աղաջանյանը նշեց, որ իր կյանքի 48 տարիներից 24-ը համակարգում է աշխատել:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը մայիսի սկզբին 1 օրով նշանակվել, այնուհետեւ ազատվել էր ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի կոչումը համապատասխանեցվի օրենսդրական չափանիշներին եւ նշանակվի ԱԱԾ տնօրենի տեղակալ։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է եւ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։ 

  • Կիսվել: