Հիմա տեսնենք՝ այդ ուժերը վերջը մի բանը սկսելո՞ւ են, թե՞ իրենց թիրախը այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն է.Սաղաթելյան
Իմպիչմենթը այն ճանապարհներից մեկն է, որով կարելի է հասնել իշխանությունների հեռացմանը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Բավականին ուժեր այս ընթացքում հավակնություններ են ներկայացրել, հայտարարություններ են արել, շարժումներ, պրոցեսները սկսելու մասին։ Հիմա տեսնենք, այս ուժերը վերջը մի բանը սկսելու են, թե այս ուժերի գլխավոր թիրախը այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն է։ Ես Դաշնակցության մասով ասեմ, գիշեր-ցերեկ Հայաստանի մարզերից սկսած, վերջացրած այստեղից, լուրջ նախապատրաստական աշխատանք ենք անում, մեր բացերը, բացթողումները, այն բոլոր սխալները, թերությունները, որ ունեցել ենք, դրանց շտկելու մեր ուժերը ամրապնդելու, որ երբ դուրս գանք փողոց, գոնե այս անգամ վերջնական արդյունք ունենանք»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը բոլորին հրավիրեց մասնակցելու վաղվա ջահերով երթին. «Շատ կարևոր, շատ անհրաժեշտ է մեր ժողովրդի միասնական մասնակցությունը երթին, դա պատասխան կլինի այսօրվա ուրացման քաղաքականություն վարող օրվա իշխանությանը և մեր թշնամի պետություններին, որ մենք մեր դատի տերն ենք, մեր պահանջատիրությունից ու հայ ժողովրդի հավաքական իրավունքներից չենք հրաժարվել, պայքարելու ենք դրանց համար այնքան, մինչև հասնենք վերջնական արդարության վերականգնմանը»,-ասաց նա:
Անդրադառնալով կոչերին, որ պետք է թույլ չտալ ցեղասպանությունը ժխտողներին մտնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ես ընդհանրապես համակարծիք եմ, բայց վաղը մենք պլանավորում ենք շատ ավելի մասշտաբային, նախորդ տարիներից ավելի մեծ քանակությամբ երթ տեսնել»: